Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին
Հեռուստահաղորդավար և շոումեն Մարկ Սաղաթելյանը ավտովթարից հետո Facebook-ի իր էջում այսօր առաջին գրառումն է արել՝ անդրադառանալով ավտովթարից հետո իր ինքնազգացողությանն ու շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին: «Իմ ընկերներ, բոլորիդ հսկայական ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ աջակցության համար: Ես շարքում եմ և չկա որևէ ուժ, որը կհաղթահարի ինձ, երբ կողքիս այսպիսի ընտանիք և այսպիսի ընկերներ են: Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեք օր առաջ՝ հունիսի 22-ին Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում Մարկ Սաղաթելյանն իր ընկերոջ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, պրոդյուսեր Գրիգոր նազարյանի հետ վերջինիս վարած «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայով ավտովթարի էր ենթարկվել և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ավելի ուշ նշված հիվանդանոցից Tert.am-ին հայտնել էին, որ Մարկ Սաղաթելյանի մոտ առկա է գլխուղեղի ցնցում, ճակատային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդեր, պարանոցային և կոնքային միջանցիկ ելունների կոտրվածքներ, աջ ազդրի գլխիկի հոդախախտ և կոտրվածք:
Գրեթե նույնպիսի կոտրվածքներ և վնասվածքներ ուներ նաև Գրիգոր Նազարյանը, այն տարբերությամբ, որ վերջինիս մոտ երկու ազդրերի գլխիկի հոդախախտ- կոտրվածքներ էին:









