Միշտ դեմ եմ եղել և շարունակում եմ դեմ լինել ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծմանը. ԵԽԽՎ նախագահ

18:16 • 25.06.12

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնն այս շաբաթ հանդիպումներ կունենա Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հետ: Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին ասել է ԵԽԽՎ նախագահը` կառույցի ամառային նստաշրջանին նվիրված ասուլիսի ժամանակ:

 

Մինյոնի խոսքով` հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի շուրջ կարծիքներ կփոխանակվեն, իսկ համատեղ ընդունված որոշումը կուղարկվի ԵԽԽՎ բյուրոյի հաստատմանը:

 

«Ես դեմ եմ եղել վեհաժողովում ենթահանձնաժողովի գործունեությանն ու շարունակում եմ այդ կարծիքին լինել նաև այսօր, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է Մինսկի խումբը, որն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք է տանում»,- ասել է նա` հավելելով, որ լիովին վստահում է ԵԱՀԿ ՄԽ-ին: Սակայն, ըստ նրա, ՄԽ-ը պետք է ավելի շատ աշխատանք ու առավել մեծ ակտիվություն ցուցաբերի խնդրի կարգավորման հարցում:

«Սրա հետ մեկտեղ, միևնույն հարցի կարգավորման համար տարբեր կառույցների թվի ավելացման անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասել է Մինյոնը` հավելելով, որ դա կստեղծի խառնաշփոթ:

 

Նա կրկնել է, որ դա իր անձնական կարծիքն է, որը կապ չունի վեհաժողովի բյուրոյի ու ԵԽԽՎ-ի հետ:

«Եվ եթե բյուրոն այս հարցում իմ դիրքորոշումից տարբերվող որոշում ընդունի, ես` որպես ԵԽԽՎ նախագահ, հարգանքով կվերաբերվեմ դրան»,- ասել է կառույցի նախագահը: