Մեղավորը մեր կուլտուրան է, երբ մարդիկ գնում են ռեստորան, խմում ու… Ռազմիկ Զոհրաբյանը «Հարսնաքարի» մասին

12:50 • 25.06.12

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը այսօր հրավիրված մամլո ասուլիսում անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքին, ասաց, որ մարդը մարդուն պետք է հարգի, ապա ավելացրեց, որ սա հենց այն է, ինչ պետք է հասկանալ՝ մարդու իրավունքների պաշտպանություն ասելով:


ՀՀԿ փոխնախագահը հայտարարեց, թե՝ «մեղավորը մեր կուլտուրան է», երբ մարդիկ գնում են ռեստորան, խմում ու երրորդ-չորրորդ բաժակից հետո չեն հասկանում, թե ինչ են անում:

 

«Մարդիկ կան իրենց տիրապետում են, մարդիկ կան՝ ոչ»,- ասաց ՀՀԿ–ական պատգամավորը, չբացառելով այն վարկածը, թե միգուցե բժիշկնե՞րն են եղել ալկոհոլի ազդեցության տակ:

 
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ռազմական երեք բժիշկներ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվեցին, ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում այսօր Վահե Ավետյանը դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա ապաքինման հնարավորության մասին բժիշկները խոսում են՝ որպես հրաշքի:


Ռազմիկ Զոհրաբյանի խոսքով՝ սա ներհայաստանյան երևույթ չէ ու բնորոշ է նաև եվրոպաներին, ուր ևս կռիվներ են անում։



Որտեղի՞ց ՀՀԿ փոխնախագահին այն տեղեկությունը, թե բժիշկներն եղել են ալկոհոլի ազդեցության տակ. ի պատասխան լրագրողների հարցին, Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, որ մամուլից է տեղեկացել:

 

Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահը համառորեն պաշտպանում է այն վարկածը, որ ծեծողները եղել են ռեստորանի անվտանգության աշխատակիցներ, այլ ոչ թե «Հարսնաքարի» սեփականատեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորը:

 

Հանրապետական պատգամավորը այս հարցի կապակցությամբ նաև հավելեց, թե սխալվում են լրագրողները, երբ կարծում են, որ իր ամբողջ ժամանակը նվիրում է պարզելու՝ «թե ով, ում ախրաննիկն է»:

 


Ի պատասխան դիտարկմանը, թե «Հարսնաքար»-ի միջադեպի վերաբերյալ տարբեր գնահատականներ հնչեցին, այդ թվում և այն, որ կատարվածի համար պատասխանատվություն է կրում նաև երկրի նախագահը, քանի որ իր քաղաքական թիմում կան Ռուբեն Հայրապետյանի նման անձինք, ՀՀԿ փոխնախագահն ասաց.«Որ ռեստորանում կռիվ է լինում երկրի ղեկավա՞րն է մեղավորը… Իսկ Ռուբեն Հայրապետյանը սեփականատեր է, հիմա եթե ես էլ ռեստորան ունենամ էլի պետք է ասե՞ն…»:

 

ՀՀԿ փոխնախագահը միաժամանակ նկատեց, որ անվտանգության աշխատակիցները ծեծելու համար չեն, այլ օբյեկտի անվտանգությունն ապահովելու: Ըստ նրա՝  բացի նախաքննություն իրականացնելուց, որևէ այլ ձև չկա՝ մեղավորներին ի հայտ բերելու և պատժելու հարցում:



«Կա՞ այլ ձև, դուք գիտե՞ք, որ պետությունը կարող էր անել, բայց չի անում»,-  հարցով եզրափակեց իր ասելիքը Ռազմիկ Զոհրաբյանը: