«Ժառանգությունը» դեմ քվեարկեց, բայց դեմ էր ծրագրին, ոչ թե Կառավարությանը. Ռուբեն Հակոբյան
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ՀՀ կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը բավականին լուրջ է և համակողմանի քննարկման արժանացավ և որ ծրագրի շուրջ քննարկումն, իրոք, հարիր էր խորհրդարանին:
«ԱԺ «Ժառագություն» խմբակցությունը դեմ քվեարկեց, բայց դեմ էր ծրագրին, ոչ թե Կառավարությանը: Ընդհանրապես, ծրագիր ներկայացնելիս պետք է հաշվի առնվի երեք կետ՝ թե ինչքանո՞վ է իրատեսական, արդյո՞ք, առկա են այն մեխանիզմները, որոնց միջոցով պետք է իրականացվի և ինչքանո՞վ է պետությունը կենսական տարածք ստեղծում դրանց իրականացման համար»,– ասաց նա։
«Մեր դիտարկումն այն էր, որ այս կետերից ոչ մեկին ամբողջական պատասխան չի տալիս ծրագիրը»,- նշեց նա և ավելացրեց, որ քվեարկել են հետևյալ գիտակցմամբ. «Մեր դիմաց հանուն պետականությանն էր, ոչ թե՝ ընդդեմ իշխանությանը»:
Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ 20 տարիների ընթացքում բոլոր կառավարությունները կարողացել են ստեղծել մնայուն մի բան, ինչը կոռուպցիոն համակարգն է, ու քանի դեռ դրա դեմն առնել չի լինում, խոսել որևէ ծրագրի մասին, ինչը կնպաստի պետության զարգացմանը՝ ավելորդ է:
«Կոռուպցիան ձևավորվում է իշխանության խոհանոցում, ստվերային է շուկան: Քանի դեռ չենք հասկացել, որ համակարգն է այդպիսին՝ որևէ ծրագիր, այս պարագայում, իմաստ չունի, չենք հասնի հաջողության: Բայց ես ուզում եմ լավատեսորեն նայել ապագային»,- հավելեց բանախոսը:
Պատգամավորը նշեց, որ ՀՀ իշխանությունները վախենում են անգամ փոքր հնարավորություն տալ ընդդիմությանը, որպեսզի վերջինս չտեսնի, թե ի՞նչ է կատարվում այդ խոհանոցում:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրեն այսօր ավելի շատ մտահոգում է այն, թե, արդյո՞ք, ընդդիմադիր ուժերը կկարողանան միմյանց հետ համագործակցել: Նա առաջարկեց՝ մի կողմ դնել հակասական մոտեցումները և առաջնորդվել մեկ ծրագրով:
«Ես կարծում եմ՝ եթե շեշտադրումները ճիշտ դրվեն, ապա կգտնվեն համագործացության եզրեր: Միայն այդ դեպքում հնարավոր
կլինի իրավիճակը փրկել»,- եզրափակեց «Ժառանգության» պատգամավորը:









