Ջավախքի հիմնական խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է.Տաճատ Վարդապետյան
Ազգայի ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ծնունդով ջավախքցի Տաճատ Վարդապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում չթաքցրեց իր մտահոգությունն այն մասին, որ Ջավախքում խնդիրները շատ են, սակայն նաև նկատեց, որ ինքն այս հարցում լավատես է, և ընդգծեց, որ դրանք աստիճանաբար լուծվում են:
ՀՀԿ պատգամավորը Ջավախքի հիմնական խնդիր համարում է աշխատատեղերի բացակայությունը, որի մասին էլ պատրաստվում է ԱԺ ամբիոնից բարձրաձայնել: Ըստ նրա, ջավախցիների՝ մեծ քանակով արտագնա աշխատանքի մեկնելը, հենց սրանով է պայմանավորված:
Խնդրին անդրադառնալուց հետո պատգամավորը նաև ներկայացրեց այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
«Անցյալ տարի շահագործվեց «Բալիս» գարեջրի գործարանը, 120 աշխատատեղ հենց Ախալքալաքում բացվեց, և այն կրկնապատկվելու հեռանկար ունի: Սա դրական եմ համարում, բայց դրանով այդ խնդիրը չի լուծվում»,- նշեց նա:
Ջավախքի հայաթափման վտանգ՝ ՀՀԿ-ական պատգամավորը, չի տեսնում, չնայած, ըստ նրա, մտահոգվելու առիթ կա:
«Ըստ վիճակագրության, Վրաստանում 400.000-ից ավելի հայեր կան և ամենահայահոծ տարածքը՝ ինքներդ գիտեք, Ջավախքն է, բայց նրանց թիվը նվազել է: Չնայած վերջին տարիներին, կարծես թե, այդ նվազման ընթացքը նույնպես կանխվել է, չեմ կարող ասել, թե դադարել է, բայց նվազել է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նույնիսկ կան Ջավախք վերադարձողներ:
Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե Ջավախքում հայաթափմանը զուգահեռ ավելանում են թուրքերի և ադրբեջանցիների քանակը, պատգամավորը դա մասամբ է համարում իրականությանը համապատասխանող տեղեկատվություն:
«Այո, այնտեղ իսկապես աշխատանքներ են կազմակերպվում, որին մասնակցում են նաև ադրբեջանցիներ: Մենք դրա մասին մեր մտահոգությունը հայտնել ենք և շարունակելու ենք հայտնել: Պարզապես, Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության մրցութում հաղթեց ադրբեջանական ընկերությունը, սակայն դա չի կարող ստիպել հայերին, որպեսզի նրանք թողնեն Ջավախքը»,-հավաստիացրեց Տաճատ Վարդապետյանը:
ՀՀԿ պատգամավորն ակնհայտ կեղծիք է համարում այն պնդումները, թե Հայաստանի իշխանությունները նպաստում են Ջավախքի դատարկման գործընթացին, նրանց տալով երկքաղաքացիություն, ինչի արդյունքում վերջիններս մեկնում են Ռուսաստան:
«Ես բացարձակ դեմ եմ այդ տեսակետին, ինչպե՞ս կարող են Հայաստանի իշխանությունները նպաստել: Ընդհակառակը, Ջավախքի հայապահպանությունը, չդատարկվելը պետք է դառնա ազգային անվտանգության հայեցակարգ և Հայաստանի իշխանություններն այդպես էլ անում են»,– ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է երկքաղաքացիությանը, այդ օրենքը, հո, մենակ Ջավախքի համար չի՞ ընդունվել: Պարզապես, լավ օրից չէ, որ ջավախքցիներն այսօր շատ են դիմում երկքաղաքացիություն ստանալու համար, որովհետև արտագնա աշխատանքի մեկնելու խնդիր ունեն»,- ասաց նա:









