Անկարան կործանված թուրքական ինքնաթիռի վերաբերյալ Դամասկոսին նոտա է հղել
Թուրքիան հայտարարել է, որ Սիրիայում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունն ամբողջությամբ Սիրիայինն է, քանի որ ինքնաթիռին հարված է հասցվել առանց զգուշացման:
Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, թուրքական կառավարությունը շարունակելու է աշխատանքներն անհետ կորած օդաչուներին և ինքնաթիռի բեկորները գտնելու համար, և առաջնորդվելու է միջազգային իրավունքով իրեն ընձեռնված բոլոր հնարավորություններով:
«Ուսումնական նպատակով օդ բարձրացած RF-4 տիպի ինքնաթիռը հունիսի 22-ի ժամը 11:58-ին Սիրիայի կողմից հարված ստանալով ընկել է Սիրիայի տարածքային ջրերում: Այդ կապակցությամբ Ստամբուլում Սիրիայի դեսպանատան միջոցով նոտա ենք հղել Սիրիայի կառավարությանը, տեղեկացնելով, որ առանց զգուշացնելու ինքնաթիռին հարվածելը անընդունելի է և այդ հարձակման պատասխանատվությունն ամբողջությամբ Սիրիայինն է»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ;
Թուրքական կողմը տեղեկացրել է նաև, որ արտգործնախարար Դովութօղլուն միջադեպի վերաբերյալ մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ և հարցը քննարկվելու նաև ՆԱՏՕ-ում:









