Պատեհ պահին ԲՀԿ-ն կասի՝ ունենալո՞ւ են նախագահի սեփական թեկնածու, թե՝ ոչ

16:27 • 25.06.12

«Բարգավաճ Հայաստանն» անպայման պատեհ պահին հանդես կգա հայտարարությամբ այն մասին, թե 2013 թ. նախագահական ընտրություններին ունենալո՞ւ է իր սեփական թեկնածուն, թե՝ ոչ:



Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը և հավելեց. «Բայց դա չի նշանակում, որ հիմա մենք որոշում չունենք կամ ունենք»:



Հիշեցնենք, որ 2011 թ. ԲՀԿ-ն ստորագրեց կոալիցիոն հուշագիր, որում ամրագրված էր, որ կոալիցիոն «Բարգավաճը» հաջորդ ընտրություններին սատարելու է Սերժ Սարգսյանին:



Այսօր ԲՀԿ մամուլի խոսնակը լրագրողների խնդրանքով ևս մեկ անգամ հստակեցրեց այն տեղը, որը իր՝ Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ ԲՀԿ-ն զբաղեցնում է քաղաքական դաշտում:



«Ինչ-որ տեղ մեջտեղո՞ւմ» (ընդդիմության և իշխանության միջև- Tert.am ) հարցին, Տիգրան Ուրիխանյանը ճշգրտեց. «Մենք մեջտեղում չենք, մենք մեջտեղում ենք քաղաքական գաղափարախոսության, տնտեսական կարգերի, պետական կառավարման ու իշխանության հասնելու ձևերի առումով, բայց տվյալ առումով՝ ոչ: Մենք հակադիր ենք ցանկացած հակաժողովրդական նախագծի, որոշման ու առաջարկի և կողմանկից ենք ցանկացած հայաստանցու շահից բխող ցանկացած նախագծի, որոշման ու առաջարկի: Սա շատ պարզ դիրքորոշում է»: