Առաջին դասարանցին կստանա համակարգիչ, դպրոցներում կլինի անվճար ինտերնետ. ԿԳ նախարար
ՀՀ կառավարության ծրագրի կրթական գերակայությունները հիմնականում համընկնում են Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կրթական գերակայությունների հետ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Եթե նախկինում 9-րդ դասարանն էր համարվում ավարտական դասարան, ապա այս ծրագրով 9-րդ դասարանն ավարտող աշակերտը կամ պետք է շարունակի կրթությունը ավագ դպրոցում, կամ պետք է սովորի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում»,- ասաց նա։
Նախարարի խոսքով արդեն մեծ ուշադրություն է դարձվում նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը, և դպրոցներում համակարգիչների համալրմանն ու ինտերնետի ուսուցմանը։
«Ստեղծվելու են WiFi կենտրոններ, որտեղից աշակերտները կկարողանան անվճար օգտվել համակարգչից: Առաջին դասարան հաճախող յուրաքանչյուր աշակերտ ստանալու է համակարգիչ, և այդ համակարգիչները իրենց մեջ կունենան հայագիտական ծրագրեր»,- նշեց ԿԳ նախարարը:
Բարձրագույն ուսումնական ոլորտի բարեփոխումներին անդրադառնալով՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ առաջիկա տարիների ընթացքում պետական բուհերի կարգավիճակը փոխվելու է և դրանք կդառնան հանրային բուհեր:
«Այլևս մենք չենք լսի պետական բուհ հասկացությունը, դրանք արդեն իսկ պետք է կոչվեն հանրային բուհեր, որոնք ընդունված են ամբողջ աշխարհում»,- նկատեց Աշոտյանը:
Ըստ նրա՝ ուսման վարձավճարները լուրջ խնդիր են սոցիալապես անապահով ընտանիքների համար, այդ պատճառով էլ այս խնդրի հարցում պետական մոտեցում է լինելու, որի արդյունքում անապահով ընտանիքների երեխաները պետք է սովորեն անվճար:
Արմեն Աշոտյանը նշեց, որ հատուկ ուշադրության է դարձվելու նաև հայագիտական ոլորտների վրա:









