Ամերիկահայ ոստիկաններն ընդդեմ Գլենդելի. սկանդալային դատավարությունը կշարունակվի
4 գործող և 1 նախկին ամերիկահայ ոստիկաններ կարող են շարունակել իրենց դատավարությունը Գլենդել քաղաքի և դրա ոստիկանության դեմ, քանի որ դատավորը չի առարկել նրանց համատեղ հայցին, հայտնում է Glendale News-Press-ը:
Ոստիկանության սպաներ Վահագն Մարտիկյանը, Ջոն Բալյանը, Տիգրան Թոփաձիկյանը, Ռոբերտ Բարսեղյանը և նախկին ոստիկան Բենի Սիմոնզադը դաշնային դատական համատեղ գործընթաց էին սկսել 2010-ին՝ ընդդեմ Գլենդել քաղաքի և քաղաքի ոստիկանության՝ հայկական ծագման պատճառով իրենց հանդեպ ցուցաբերված խտրականության, հետապնդումների և ոտնձգությունների մեղադրանքով:
Մարտիկյանը, Բալյանն ու Թոփաձիկյանը մարտին նաև առանձին հայց էին ներկայացրել Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարան՝ արդեն դաշնային դատարան դիմելուց հետո իրենց հանդեպ դրսևորվող խտրականության ու հալածանքի համար:
Դատավոր Թաքերը հայցը մերժել էր միայն Բարսեղյանի մասով՝ գտնելով, որ նրա ներկայացրած մեղադրանքները անհիմն են, իսկ մյուսները բավականաչափ ապացույցներ չեն ներկայացրել: Ըստ դատապաշտպան Մայք Գարսիայի՝ դա ցույց է տալիս, որ քաղաքի գործողությունները ոստիկանության հայ սպաների դեմ օրինական են եղել և խտրական բնույթ չեն կրել:
Նույն դատավորը սակայն գտել է, որ իսկապես տեղի ոստիկանությունում ծաղրել են հայերի՝ Ցեղասպանության ոգեկոչման արարողությունները: Ինչպես նաև՝ ընդունել է, որ ոստիկաններին նսեմացնող հայտարարություններ են թույլ տրվել և նրանց վերաբերվել են հայերի մասին ունեցած կարծրատիպերով:
Ոստիկան Մարտիկյանը ոստիկանությանը մեղադրում է նաև իրենց հետևելու համար մասնավոր հետախույզ վարձելու համար:
Հայ ոստիկանների իրավաբան Քերնի Շեգերյանն ասել է, որ իրենց «մեղադրանքները ճիշտ են, իսկ դրանց իսկությունը կապացուցվի դատավարության ընթացքում»:









