Արտակ Զաքարյանն Amnesty International-ի ներկայացուցիչների հետ խոսել է ՀՀ–ում իրականացվող բարեփոխումներից

17:34 • 26.06.12

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր հանդիպել է Amnesty International կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի փոխտնօրեն Դավիթ Դիազ Ժորեսի և համակարգող Նատալյա Նոզաձեի հետ:

 

Ըստ ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ողջունելով հյուրերին, Արտակ Զաքարյանը կարևորել է մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման և զարգացման գործում միջազգային դերակատարություն ունեցող կազմակերպության գործունեությունը:

 

Խոսելով կատարված բարեփոխումներից` հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ վերջին տարիներին Հայաստանը մարդու իրավունքների և ազատությունների, ԶԼՄ-ների ազատ գործունեության, հասարակական-քաղաքական ակտիվության դրսևորման ոլորտներում հասել է մեծ հաջողությունների:

 

Նշվել է, որ մարդու իրավունքների ոլորտը շարունակում է մնալ ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը` Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ չորրորդ գումարման խորհրդարանը 100-ից ավելի ՀԿ-ների հետ ուներ հուշագիր, որի համաձայն` վերջիններիս ներկայացուցիչները մասնակցում էին մշտական հանձնաժողովների նիստերին, խորհրդարանական լսումներին, հանդես գալիս տարբեր առաջարկություններով` առաջ քաշելով մարդու իրավունքների և ազատությունների ոլորտին վերաբերող հարցեր:

 

Նա նաև նշել է, որ այս գումարման խորհրդարանում ևս նախատեսվում է ակտիվորեն աշխատել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:

 

Դավիթ Դիազ Ժորեսն իր հերթին տեղեկացրել է, որ Հայաստան այցի նպատակն է ուսումնասիրել մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտները:

 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ պատրաստակամ են համագործակցության, և հույս հայտնեց, որ Հայաստանի վերաբերյալ միջազգային կազմակերպության ուսումնասիրությունները կլինեն բաց և ճշմարիտ:

 

Արտակ Զաքարյանն առաջարկել է նաև ուսումնասիրել չճանաչված պետություններում մարդու իրավունքների ոլորտին վերաբերող խնդիրները:

 

Հանդիպմանը քննարկվել են նաև այլ հարցեր: