ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն ունեն ներուժ՝ ԼՂ հարցը լուծելու համար. Ավստրիայի նախագահ

15:15 • 26.06.12

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է կարգավորել այս հարցը, քանի որ ունի այդ ներուժը, այս մասին այսօր Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ավստրիայի նախագահ Հայնց Շիֆերը։


«Ես հարյուր տոկոսով պաշտպանում եմ խնդրի խաղաղ կարգավորումը, քանի որ խոսքը գնում է հազարավոր մարդկանց ճակատագրերի մասին: Այս պարագայում հարցը չի կարող ուժով լուծել»,– ասաց նա:


«Մենք ակնկալում ենք և հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանքեր կգործադրի հարցի լուծման ուղղությամբ»,- ասաց նա և ավելացրեց, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ունեն ներուժ հարցը լուծելու համար, պարզապես շատ համբերություն է պետք:


Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը նշեց, որ ինքը ծանոթ է Ադրբեջանի դիրքորոշմանը ԼՂ կարգավորման հարցի շուրջ, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի կարծիքին, այսօր ծանոթացավ նաև ՀՀ նախագահի կարծիք հետ:


Ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասաց, որ վերջին տարիներին Ադրբեջանի վարած քաղաքականությունը և ռազմատենչ հայտարարությունները լարվածություն են առաջացնում, ինչպես շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին:
Նախագահը նաև նշեց, որ մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանն էլ ավելի սրեց իրավիճակը սահմանին:


«Վերջերս Մեքսիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները կոչ արեցին հետևել հրադադարի պահանջներին ու շեշտեցին, որ ԼՂՀ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքների հիման վրա՝ ուժի կիրառման բացառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն»,– ասաց Սերժ Սարգսյանը:


«Մենք պատրաստ ենք այս սկզբունքների հիման վրա շարժվել առաջ: Խնդրի արագ կարգավորումը բխում է Հայաստանի և ԼՂՀ ժողովուրդների շահերից»,- ավելացրեց նա։


ՀՀ նախագահը նաև նշեց, որ Ադրբեջանը այս երեք սկզբունքերից ընդունում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը: