Հայաստանում թմրամոլների թիվն անցնում է 3800-ը

12:58 • 26.06.12

Հայաստանում ներկայում ավելի քան 3800 թմրամոլ կա, այս մասին այսօր Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Սերոբ Հարությունյանը:


Նա նշեց, որ Հայաստանում 2011թ-ին գրանցվել է թմրամոլության հետ կապված 1525 դեպք։


«Ցանկացած հասարակություն և երկիր զերծ չի կարող մնալ թմրանյութերից: Այսօր Հայաստանում ավելի քան 3800 թմրամոլ կա: Հայաստանում անչափահասների շրջանում այդքան էլ տարածվածություն չունեն, հիմնականում տարիքը տատանվում է 25-45 տարեկան մարդկանց շրջանում»,- ասաց նա:


Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ն չի կարելի համարել թմրանյութերի համար տարանցիկ երկիր, բայց չժխտեց, որ դրանք տեղափոխելու փորձեր արվում են:


«Հիմնականում Իրանից ափիոն ու հերոին են բերում, Թուրքիայից՝ կրկին հերոին: Դեղահաբերի տեսքով թմրանյութերը Հայաստան են թափանցում Ֆրանսիայից ու Ռուսաստանից»,- ասաց նա:


Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգորի Մալինցյանը նշեց, որ այսօր Հայաստանում թմրանյութերի կախվածությունից բուժվում է ավելի քան 300 մարդ:


«Եթե 2001թ-ին Հայաստանում բուժվում էին 7 թմրամոլներ: Այս ավելի քան տասը տարիների ընթացքում ոչ թե ավելացել է թմրամոլների թիվը, այլ երբ ապաքրեականացվեց թմրանյութերի գործածումը, շատերը ինքնակամ որոշեցին բուժվել»,- ասաց նա: