Գոհար Գասպարյանի արձանը վաղ թե ուշ կտեղադրվի Երևանում. Երվանդ Ղազանչյան
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը շարունակում է ցանկացած միջոցառման բարձրաձայնել ՀՀ օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի արձանը Երևանում տեղադրելու անհրաժեշտության մասին:
Tert.am-ի հետ զրույցում նա թեև նշում է, որ չնայած այս ուղղությամբ դեռևս ոչ մի առաջընթաց չի նկատել, սակայն համոզված է, որ Գոհար Գասպարյանի արձանը Երևանում վաղ թե ուշ տեղադրվելու է, որովհետև որ դահլիճում այդ մասին խոսում է, հավաքվածները դրական են արձագանքում:
«Վերևներից արձագանք չի եղել, և ի վերջո այդ մարդիկ պարտավորված չեն ինձ տեղեկացնել, թե արդեն սկսում ենք այդ գործընթացը: Ըստ երևույթին ինչ-որ բան մտածում են, որովհետև, որ դահլիճում ես այդ մասին ասում եմ, ծափահարում են»,- անկեղծորեն հավատացնում է նա:
Ըստ ՀՀ ժողովրդական արտիստի՝ արձանի տեղադրումը կարևոր է. «Մեր ժողովուրդը մեծ երգչուհիներ շատ է ունեցել, ամենայն հավանականությամբ, նաև ունի, բայց, այնուամենայնիվ, մենք Գոհար Գասպարյան չենք ունեցել: Գոհար Գասպարյանը բացառիկ երևույթ է, և այն միտքը, թե նրա նման երգչուհիներ 100 տարին մեկ են ծնվում, ես համաձայն չեմ: Գոհար Գասպարյանը օրենքից դուրս երևույթ էր, մեծագույն երգչուհի»,– ասաց նա և վստահություն հայտնեց, որ նրա արձանը վաղ թե ուշ կտեղադրվի Երևանի փողոցներից մեկում։
Ղազանչյանի ցանկությունը, սակայն միայն արձան տեղադրելով չի սահմանափակվում: «Ես շատ եմ ուզում, որ մեր Սփյուռքի և Հայաստանի արվեստագետները, խոսքս քանդակագործների մասին է, իհարկե, մտածեն և մի շատ հետաքրքիր, սիմվոլիկ արձան ունենանք մեր Գոհարի Գասպարյանի համար: Որովհետև այն արձանները, որոնք վերջերս տեսնում ենք մեր քաղաքում, նրանք ինձ հիշեցնում են հետպատերազմյան տարիները, արդեն ժամանակն է փոխվելու, ժամանակն է արձան ունենալու, որը կգա և կչափվի Առնո Բաբաջանյանի արձանի որակին: Ահա այդպիսի մի սիմվոլիկ արձան կուզեի, որ դրվեր»,- ասաց նա։
Երևանդ Ղազանչյանն ավելացրեց, որ, նախ և առաջ, դրա մասին պետք է մտածեն և Մշակույթի նախարարությունը, և վարչապետը և նաև ՀՀ նախագահը: «Վստահ եմ, որ հակված կլինեն այդ մասին շատ լուրջ մտածելու»,-ասաց նա:
Ղազանչյանը հարցի արագ լուծում ստանալու համար դիմումներ ու նամակներ գրելու մտադրություն չունի: «Դիմումներն ինձ հիշեցնում են 37 թիվը: Պետք չի, ես մի անգամ 37 թվի դառնությունները տեսել եմ, ու դիմումներով տարել են և՛ հորս և՛ շատերին, դրա համար պետք չի, ավելորդ բաներ են», -ասաց նա և ավելացրեց, թե պետք չէ մտածել, թե դրանով ինքը «գյուտ է անում»:
«Դա հասկանում են նաև Մշակույթի նախարարությունում, նաև ավելի վերև, բոլորն էլ հասկանում են: Ըստ երևույթին ինչ-որ խնդիրներ կան, որ դա տեղից չի շարժվում: Բայց ես վստահ եմ, որ տեղից կշարժվի, քանի որ դա անխուսափելի է»,- եզրափակեց նա:










