Ընդհուպ մինչև նախարար մոտենում և իրենց աջակցությունն են հայտնում ՀԱԿ-ին. Արամ Մանուկյանը՝ ՀԱԿ հանրահավաքի ժամանակ

20:03 • 26.06.12

«Պատրաստ լինել ցանկացած զարգացման, քանի որ միանաշանկ չէ, որ նախագահական ընտրությունները փետրվարին են լինելու. Հայ ազգային կոնգրեսը մայիսին փուլային հաղթանակ է տարել, բայց փաթեթային հույսերն էլ դեռ յոթը սարերի հետևում չեն»,- այսօր Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ողջունելով հրապարակում հավաքվածներին՝ այսպես դիմեց նրանց հանրահավաքը վարող ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ Կոնգրեսը շուրջ երկու ամիս համակիրների հետ չի հանդիպել և վերջին հանդիպումը եղել է մայիսի 8 -ին՝ ընտրություններից անմիջապես հետո:



Այս ժամանակաշրջանը Արամ Մանուկյանի խոսքով՝ քաղաքական նոր իրավիճակի, նոր շրջադարձի և ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատվով կատարած աշխատանքի ժամանակ է եղել: Միայն ԱԺ գործունեության ծրագրի քննարկման ժամանակ յոթ հոգով «կառավարությանը խեղճացնող» 10 ելույթ են ունեցել:



«Նրանք գիտեին, որ դժվար է լինելու, բայց ոչ այսքան: Մեզ մոտեցել են ու զորակցությունն ու գոհունակությունն են հայտնել իշխող կոալիցիայի ներկայացուցիչներ և կառավարության ներկայացուցիչներ՝ ընդհուպ մինչև նախարար: Հասկանալի է՝ անունները չեն նշում»,-ժասաց Արամ Մանուկյանը և հավելեց. «Առանց ձեզ, ձեր հևքն ու շունչը զգալու մենք թույլ ենք, յոթ հոգին այն թիվը չէ, որ կարողանք որակ ստեղծենք: Եվ հետո՝ իրենք այնքան մեզնից չեն վախենում, որքան վախենում ձեզնից, ձեր պատճառով է, որ առաջիկայում լինելու են զգոն, զգուշավոր, ավելի շատ են կարդալու, դահլիճում ավելի շատ են լինելու»:



ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ելույթը նվիրված էր «Մարտի 1-յան» և «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործութունները բացահայտելու հարցում ՀԱԿ դերակատարմանը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ եթե «Հոկտեմբերի 27»-ը դե յուրե բացահայտված են համարում, ապա «սերժանտական դատախազությունը» սպասում է, որպեսզի մի անաղմուկ ու հարմար պահի կասեցնի դրա նախաքննություն: «Եվ համոզված եղեք՝ սերժանտական հատուկ ծառայությունը վաղուց կայացրած կլիներ այդ որոշումը, եթե չլիներ Հայ ազգային կոնգրեսը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ չպետք է զարմանալ, որ «Հարսնաքարի» «հրեշավոր դեպքերից» հետո մարդիկ չեն շտապում փողոց: Մարդիկ տեսել են, որ մեղավորները չեն պատժվում , իսկ մարդասպանները՝ ինչպես են փառաբանվում:



«Արդյունքում ՀՀ քաղաքացին Սահմանադրություն է փնտրում ամերիկաներում և եվրոպաներում, և քաղաքացիություն է գտնում այնտեղ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:



Նման կերպ էլ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «սերժանտական իրավապահները» կփորձեն ազատ արձակել «Հարսնաքարի» մարդասպաններին:



«Բեսպերդելի վերջը գալու և սրանում է Հայ ազգային կոնգրեսի պատմական առաքելությունը»,- իր ելույթն ամփոփեց Նիկոլ Փաշինյանը: