Սահմռկեցուցիչ ինքնասպանություն Երևանում. հայր ու որդի կախվել են նույն սենյակում (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 08.20-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի 68 տանը ինքնասպան են եղել հայր ու որդի:
Այս պահին նշված հասցե են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Արման Բայադյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև դատական բժիշկն ու փորձագետը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված սեփական տան 3-րդ հարկի կիսակառույց շինության մեջ ամրանից (շվելեռ) մետաղյա ճոպանով (տռոս) կախվելու միջոցով ինքնասպան են եղել 62-ամյա Պետրոս Գալուստովը և նրա որդին՝ 30-ամյա Արտաշ Գալուստյանը:
Քննչական մարմինը հոր որովայնի մոտ հայտնաբերել է նամակ, որն առգրավվել է քննիչի կողմից:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ հայր ու որդի արհեստավորներ են: Շամշյանը հայտնում է նաև, որ իրենց կախվելու վայրից կես մետր այն կողմ դրված էր երկու խաչ, որի մոտ տեղադրված էր մանուկ Հիսուսի այն նկարը, որում սուրբ Մարիամ Աստվածածինը ու Հովսեփը բարուրում են նրան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարարական ջոկատի աշխատակիցները, որպեսզի վերջիններս հատուկ տեխնիկայի միջոցով կտրեն երկաթյա ճոպանները, ինչից հետո դեպքի վայր ժամանած 1-03 բրիգադը դիերը տեղափոխելու է դիահերձարան:
Գ. Շամշյանը հայտնում է, որ հաշվի առնելով դեպքի արտառոց բնույթը, դեպքի վայր ժամանեց նաև Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Հովհաննես Սուքիասյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









