ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել Թուրքիային և դատապարտել Սիրիային
Թուրքիայի պահանջով հրավիրված ՆԱՏՕ-ի ժողովի ընթացքում անդամ երկրներն իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիային և դատապարտել Սիրիային` թուրքական ռազմական ինքնաթիռը խփելու համար:
Մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի անդամ երկրները հայտարարություն են տարածել, շեշտելով, որ Սիրիայի արարքն անընդունելի է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռամուսենը ավելի ուշ հանդես է եկել մամուլի ասուլիսով:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և ուսումնասիրում զարգացումները` ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան սահմանին»,- ասել է նա:
Ռամուսենը, սակայն, նշել է, որ հանդիպման ընթացքում չի քննարկվել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետով առաջնորդվելու հարցը, որը սահմանում է, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա տեղի ունեցած հարձակումը հարձակում է ողջ ՆԱՏՕ-ի վրա:
Անդրադառնալով Սիրիայում թուրքական ինքնաթիռի կործանմանը` ՆԱՏՕ-ն արձանագրել է, որ Սիրիան խախտել է միջազգային նորմերը:
«Ես հույս ունեմ, որ նման միջադեպ այլևս երբեք չի կրկնվի»,- ասել է Ռամուսենը` հույս հայտնելով, որ Սիրիան ամեն ինչ կանի դրա կրկնությունը կանխելու համար:









