Կոտրել են Նավալնիի էլեկտրոնային փոստն ու Twitter-ի անձնական էջը

10:47 • 26.06.12

Անցած գիշեր կոտրել են ռուս ընդդիմադիր, բլոգեր Ալեքսեյ Նավալնիի էլեկտրոնային փոստն ու Twitter-ի անձնական էջը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

«Կոտրել են իմ էլեկտրոնային փոստն ու դրա օգնությամբ` Twitter-ը»,- գրել է նա Livejournal-ի իր բլոգում` Twitter-ի միկրոբլոգում վիրավորական հաղորդագրությունների հայտնվելուց ընդամենը 20 րոպե անց:


Նավալնին և այլ ընդդիմադիր ակտիվիստներ որպես վկա են հանդես գալիս մայիսի 6-ին Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների գործով, որի ժամանակ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով վնասվածքներ էին ստացել տասնյակ մարդիկ, իսկ 400-ից ավելի ցուցարար ձերբակալվել էր:

 

Անկարգությունների փաստով հարուցվել է քրեական գործ: Քննիչները ստուգումներ են անցկացրել կազմակերպիչների տներում, այդ թվում` Նավալնիի, Քսենիա Սոբչակի ու Իլյա Յաշինի: Նրանք բոլորը կանչվել են հարցաքննության: