«Ֆոլկսվագեն պասատը» 200 մետր գլորվել է. մեկ մարդ մահացել է (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ժամը 20:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի բնակիչ Արսեն Օհանյանը, վարելով «Ֆոլկսվագեն պասատ» մակնիշի 23 ՏՏ 008 համարանիշի ավտոմեքենան, Ապարան-Արթիկ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 200 մետր գլորվել:
Վթարի հետևանքով կա մեկ զոհ:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գ. Շամշյանին պատմել են, որ ըստ տեղեկությունների` մեքենայում եղել է մեկ ուղևոր, սակայն այս պահին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի և Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ինչպես նաև Ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները, քաղաքացիների հետ միասին, որոնողական աշխատանքներ են կատարում, հայտնաբերելու համար ուղևորին:
Դեպքի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը, ում հանձնարարականով դեպքի վայր են հրավիրել Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզային քննչական բաժնի քննիչին, ով ղեկավարում է քննչական աշխատանքները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









