Բուզանդի բնակիչները բողոքի էին դուրս եկել կառավարության շենքի դիմաց
Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում Բուզանդի փողոցի նախկին բնակիչները, որոնց բնակարանները մի քանի տարի է, ինչ չեն տալիս:
«Էս ի՞նչ երկրում ենք ապրում։ Ինչքա՞ն կարելի է համբերել և սպասել։ 2008 թվականից էս խնդրի առաջ ենք, վերջապես կա՞ մարդ, որը էս երկրում հարց է կարողանում լուծել»- ասում էին բնակիչները:
«Մենք հայ ենք, իսկ սպիտակ գենոցիդի մեղավորները՝ թուրք», «պահանջում ենք մեր օրինական բնակարանները» նման վերտառությամբ պաստառներով կառավարության շենքի առջև բողոքող քաղաքացիները եկել էին անգամ մանկահասակ երեխաների հետ:
«Երեք անգամ նոտարով պայմանագիր եմ կնքել: Ոչ Եկմալյան շենքից են տուն տալիս, ոչ Սարյան Շենքից են տուն տալիս, ոչ էլ Արամի շենքից են տուն տալիս, խաբելով մի շենքից մյուս շենք տեղափոխելով տարիներով հետաձգել են մեր բնակարանների հարցը»,- ասաց բողոքող բնակարանատերերից մեկը:
Հիշեցնենք, որ 2008 թվականին Արամի և Բուզանդի փողոցների սեփական տները ճանաչվեցին պետական գերակա շահ, նրանց տները քանդելով տեղում կառուցվեցին նոր բազմաբնակարան շենքեր, սակայն մինչ օրս դեռ ոչ շենքն է կառուցվել, ոչ էլ բնակիչները իրենց տներն են ստացել:
Սույն խնդրով բնակիչները մի քանի անգամ նամակ են ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:









