Լողափերում պատահարների մեծ մասը տեղի է ունենում երեկոյան, երբ մարդիկ գինովցած են. ջրափրկարար
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, հիմնվելով տարիների փորձի վրա, արձանագրեց, որ ամառային լողափնյա սեզոնին գրանցված դժբախտ պատահարների հիմնական մասը տեղի է ունենում երեկոյան ժամը 17:00-ից հետո:
«Որովհետև մարդիկ գինովցած են լինում և դժվար է լինում արդեն կանխել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախորդ տարի ջրահեղձման 6 դեպք է գրանցվել, որից 3-ը ինֆարկտից է եղել:
Այս տարի լողափնյա սեզոնին ջրահեղձման դեպք չի գրանցվել, ի տարբերություն անցյալ տարվա նույն շրջանի, երբ սեզոնի բացումից հետո մեկ դեպք եղել էր: Իսկ սեզոնից դուրս արդեն ձմռանը այս տարի լճի սառցակալման ժամանակ ջրահեղձման երեք դեպք է գրանցել:
Ըստ Սամվել Մկրտչյանի ջրահեղձման դեպքերը նկատելիորեն կկանխվեն, եթե ջրափրկարարների թիվն ավելանա: Նա նշում է, որ եղած անձնակազմով չեն կարող ամբողջությամբ սպասարկել:
«Այս պահին ունենք 38 աշխատակից, իսկ հաստիքացուցակով՝ 41: Մյուս 3-ը մոտ օրերս կմիանան մեզ»,- ասաց նա և հավելեց, որ յուրաքանչյուր լողափում գոնե 7 փրկարար է անհրաժեշտ , մինչդեռ հսկում իրականացնում են 3–ը:
Ջրափրկարարական ջոկատի հրամանատարը հստակեցնում է, որ ընդհանուր 200-ից ավելի լողափեր կան, սակայն իրենց կողմից սպասարկվում է ընդամենը 19 -ը:
«Մյուս լողափերը անհատական են և պետք է իրենց տնօրինությունն այդ հարցերը լուծի, իհարկե, մեր հսկողության տակ»,-ասաց նա և ավելացրեց. « Խնդրանք և պահանջարկ լողատարածքները զբաղեցնողներին, լիցենզավորեն և ունենան իրենց փրկարարները, քանի որ մենք չենք կարողանում սպասարկել»:
ԱԻՆ աշխատակիցը տեղյակ է, որ այս տարի, բացի 2 հանրային լողափերից, կառավարության որոշմամբ՝ կբացվեն նաև 5-ը, սակայն նկատում է, որ ջրափրկարարների պակասը լրացնելու հարցը չի լուծվել:
Հանրային լողափերի ավելացումը նա պայմանավորեց նախորդ տարվա դրական արձագանքից: «Հանրային լողափերը մեծ սիրով բոլորը գալիս են, որովհետև բոլոր ծառայություններն անվճար են և այստեղ պարտադիր հսկողություն են իրականացնում ջրափրկարարաները»,-ասաց նա և թվարկեց հանրային նոր լողափերի տեղերը՝ Սևանի քաղաքային հատվածում, Լճաշեն գյուղի մոտակայքում, Ծովազարդում, Նորադուսում և Ճամբարակի Դրախտիկ տարածքում:
Սամվել Մկրտչյանն ասաց, որ տեղյակ չէ, թե կոնկրետ երբվանից կգործեն, սակայն կանխատեսեց, որ այս տարվանից:
Իսկ մինչ այդ նա տեղեկացրեց, որ հանրային 2 լողափերը պատրաստ են ընդունել հանգստացողներին, այստեղ իրենց ծառայությունը շուրջօրյա է, տեղադրված են համապատասխան նշանները, ուժեղացված է շրջայցային հսկողությունը: Նա հավելեց, որ նույնիսկ աշտարակներ են տեղադրվել, որտեղից ավելի հեշտ է նայել:
Ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատարը տեղեկացրեց, որ առաջին անգամ սեպտեմբերին իրենք կմասնակցեն Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություներին:Բացի այդ, իրենց այս տարի կտրամադրեն ամառային նոր համազգեստներ, որը կսկսեն կրել մոտ օրերս:
Վերջում նա չմոռացավ խորհուրդներ տալ Սևանում հանգստացողներին. «Լողանալ մարդաշատ և մեր կողմից վերահսկվող տեղերում: Իրենց հանգիստը կազմակերպել սթափ վիճակում, լինել զգույշ, հատկապես երեխաների նկատմամբ»:
Սամվել Մկրտչյանը հիշեցրեց իրենց հեռախոսահամարը՝ 911-ից բացի, ջարփրկարարական ծառայություն կարող են դիմել 099 26 41 02 հեռախոսահամարով:









