Սաակաշվիլիի ու Իվանիշվիլիի կողմնակիցները ձեռնամարտի են բռնվել

17:29 • 26.06.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցների միջև այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է vz.ru-ն: Գորիի շրջանի` Հարավային Օսիայի հետ սահմանամերձ Մերեթի գյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է երկու մարդ` ուղեղի ցնցում ստացած մի կին և լրջորեն ծեծված մի տղամարդ:

 

Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 30 մարդ: Դա տեղի է ունեցել գյուղ այցելած Բիձինա Իվանիշվիլիի` բնակիչների հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում` վրաց-օսական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

 

Այդ պահին Սաակաշվիլիի կողմնակիցները սկսել են բղավել, թե Իվանիշվիլին «ռուսական նախագիծ» է, ինչից հետո կռիվ է սկսվել: Ընդդիմադիր գործիչը ճարահատյալ լքել է գյուղը` իրավիճակն է’լ ավելի չթեժացնելու համար: