Ռուսաստանը դադարեցնում է Սիրիային Ս-300 համակարգերի մատակարարումը

21:36 • 26.06.12

Ռուսաստանը դադարեցրել է Սիրիային Ս-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման պայմանագրի իրականացումը: Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի» պարբերականը` հղում կատարելով ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի աղբյուրներին, Ս-300-ների բեռնումը դեպի Սիրիա դադարեցված է «վերևից ստացված հրամանով»:

 

Այն, որ նախկինում գաղտնի պահվող նման պայմանագիր կա, փաստում է «Նիժեգորոդյան մեքենաշինական գործարանի» («Ալմազ-Անտեյ» կոնցեռնի մաս է կազմում) 2011թ.-ի տարեկան զեկույցում: Որտեղ, մասնավորապես, ներկայացված են Ալժիրին և Սիրիային Ս-300 մատակարարման 39 և 105 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրեր: Մատակարարումները պետք է ավարտված լինեն 2012-ի վերջին: Ալժիրին Ս-300-ի 3 դիվիզիոնի մատակարարումը արդեն ավարտված է:


Սիրիային զենք մատակարարելուն դեմ էին արտահայտվել մի շարք արևմտյան երկրներ:

Պարբերականի աղբյուրի կարծիքով, Ռուսաստանը կարող էր հրաժարվել Ասադի վարչակարգին Ս-300 համալիրների մատակարարումից, որ չբարդացնի արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները:


Միևնույն ժամանակ, աղբյուրը տեղեկացնում է, որ ՌԴ-ն շարունակում է Սիրիային մատակարարել միջին հեռահարության «Բուկ Մ-2» զենիթային համալիրներ, զենիթային հրթիռա-հրետանային «Պանցիր-Ս» համալիրներ, ինչպես նաև «Պեչորա-2Մ» համալիրներ:


Նշենք, որ Ս-300 համալիրները ունակ են մինչև 300 կմ հեռավորության վրա թիրախներ հայտնաբերել և միաժամանակ 36 թիրախ խոցել:


Եթե Սիրիան նման համալիրներ ստանար, ապա զգալի գերազանցություն կունենար հնարավոր հակառակորդի օդուժի նկատմամբ: