Սիրիացի զինվորականները խոստովանել են, որ խաղաղ բնակիչներին սպանելու հրաման են ստացել

16:11 • 26.06.12

Սիրիայի իշխանությունները զինվորականներին ու ոստիկաններին ամբողջ բնակավայրեր ոչնչացնելու ու բնակչությանը սպանելու հրամաններ են տալիս: Այս մասին Sky News-ին պատմել է սիրիացի ապստամբների կողմից պատանդ վերցված ազգային բանակի ներկայացուցիչը:


Հեռուստաալիքի հաղորդմամբ` հարցազրույցն արվել է Սիրիայի հյուսիսում, Թուրքիայի հետ սահմանից քիչ հեռու: Ներկա են եղել նաև նրանց պատանդ վերցրած ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչները:

 

Պատանդներից մեկը հայտնել է, որ երկրի ղեկավարությունը խաբում է բանակին` վստահեցնելով, որ իր թիրախն ահաբեկիչներն են: Հեռուստաալիքի ևս մեկ զրուցակից էլ ընդգծել է, որ հրամաններն արձակում են ուժային կառույցների ղեկավարները:

 

Սիրիայի իշխանությունները դիմակայությունների հենց սկզբից` նախորդ տարվա մարտից, հերքել են նման հրամաններ արձակելու մասին լուրերը: Մասնավորապես` դեկտեմբերին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել էր, որ միայն խելագարը կարող է իր հայրենակիցներին սպանելու հրաման արձակել:


ՄԱԿ-ի գնահատականներով` նախորդ տարվանից ցայսօր զոհվել է մոտ 15.000 մարդ:

 

Ի դեպ, ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը պահանջում է առավել վճռական քայլեր` ի նկատի ունենալով ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխը, որը ենթադրում է ռազմական գործողություններ` ուղղված խաղաղության հաստատմանը: