ԱՄՆ-ն կօգնի Հունաստանին առողջացնել տնտեսությունը. Օբամա
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ, որի ժամանակ քննարկվել է Հունաստանի տնտեսության վերականգնման թեման, հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը:
«(Նախագահ) Օբաման վստահեցրել է վարչապետին, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հունաստանի ջանքերին` ուղղված եվրոգոտում անդամության պահպանմանը, երկրի եվրոպական հեռանկարին ու տնտեսության առողջացմանը: Նա նաև վստահեցրել է, որ կօգնի այդ հարցում»,- հայտնել է գործակալությունը:
Օբաման նաև շնորհավորել է Սամարասին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հետաքրքրվել նրա առողջական վիճակով:
Հիշեցնենք, որ պաշտոնին նշանակվելուց ընդամենն օրեր անց նա ենթարկվել է աչքերի վիրահատության: Նրա մոտ հայտնաբերվել էր աչքի ցանցաթաղանթի շերտազատում:
Հինգշաբթի Հունաստանի նոր կառավարությունը հայտարարել էր, որ մտադիր է վերանայել Եվրոմիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնագիրը:
«Կառավարության նպատակն է պայքարել ճգնաժամի դեմ, տնտեսական զարգացման ուղի փնտրել և նոր բանակցություններ վարել վարկային համաձայնագրի պայմանների շուրջ` միևնույն ժամանակ վտանգի տակ չդնելով եվրոգոտու անդամությունը»,- ասվում է նոր նախարարական կաբինետի հռչակագրում:
Հունիսի 17-ին անցկացված Հուաստանի խորհրդարական ընտրություններում հաղթել էր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, որն աջակցում է ԵՄ-ի և ԱՄՀ-ի համաձայնագրին:









