ԱՄՆ-ը զայրացրել է Հյուսիսային Կորեային. Իսկ Պեկինը միայնակ չի թողնի իր դաշնակցին. НГ

17:14 • 26.06.12

Վաշինգտոնն ու Սեուլը ողբերգությունը վերածել են ֆարսի` կրակելով Հյուսիսային Կորեայի դրոշի վրա, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: Միջադեպը տեղի է ունեցել երեկ` Կորեական պատերազմի 62-րդ տարելիցին նվիրված զորավարժությունների ժամանակ, ինչը, ըստ թերթի, առաջացրել է Փհենյանի զայրույթը:


«Պաշտոնական Փհենյանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է կուլ տալ ողջ Կորեան: Թերակղզում լարվածությունն անհանգստացնում է Ռուսաստանին ու Չինաստանին: Իհարկե, Չինաստանը գոհ չէ հյուսիսկորեացիներից, սակայն ռեժիմի անկում թույլ չի տա»,- գրում է թերթը:

 

Հարյուր հազարավոր կյանքեր խլած Կորեական պատերազմը սկսվել է 1950թ.-ի հունիսի 25-ին: Տարելիցի կապակցությամբ, ամերիկյան ու հարավկորեական զորքերը` տանկերի, կործանիչների ու ուղղաթիռների մասնակցությամբ, համատեղ զորավարժություններ են անցկացրել: Վարժանքների ժամանակ հարվածներ են հասցվել լեռան ուղղությամբ, որի վրա կանգնեցված է եղել Հյուսիսային Կորեայի պետական դրոշը:

 

Պաշտոնական Սեուլը հայտարարել է, որ վարժանքները, որոնց մասնակցել է 2.000 զինվոր, զգուշացում էին Հյուսիսային Կորեային այն մասին, որ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան պատրաստ են մարտի: Իսկ Փհենյանն էլ, ի պատասխան, թշնամական ակցիա է որակել դրոշի ուղղությամբ կրակոցը, ու հայտարարություններից մեկով սպառնացել կատարելագործել միջուկային զսպման միջոցը` հանուն ինքնապաշտպանության:

Ինչպես թերթի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի ինստիտուտի գիտաշխատող Կոնստանտին Ասմոլովը, ստացվում է, որ ԱՄՆ-ը և իր դաշնակիցներն իրենց գործողություններով ոչ միայն չեն նպաստում լարվածության թոթափմանը, այլև ավելի են խորացնում այն:


Պեկինն ու Մոսկվան կոչ են արել Փհենյանին հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ծրագրից: Այս հարցում Չինաստանի դերն ավելի մեծ է, քանի որ չինական ապրանքների ներկրումից ու առևտրից է կախված Հյուսիսային Կորեայի տնտեսության վիճակը:

«Սակայն չինական իշխանությունների տեսանկյունից` Հյուսիսային Կորեան իր միջուկային զենքով չարիքի փոքրագույնն է` համեմատած ամերիկյան ուղեծիրն ընկած Հարավային Կորեայի հետ»,- եզրափակում է թերթը` հավելելով, որ վատագույն սցենարի դեպքում` այն միայնակ չի թողնի հյուսիսկորեացիներին: