ԱՄՆ-ը Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու կոչ է արել

11:30 • 26.06.12

Սիրիայում տիրող իրավիճակը պահանջում է առավել վճռական քայլեր: Այս մասին, ինչպես հաղորդում է vz.ru-ն, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներից զատ, մենք պետք է առավել նշանակալից քայլեր ձեռնարկենք ճնշում գործադրելու համար (Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վրա-Tert.am), ներառյալ` ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի կատարումը»,- ՄԱԿ-ի ԱԽ-ում ելույթ ունենալիս ասել է նա:


Յոթերորդ գլուխը, ՄԱԿ-ի ԱԽ որոշման համաձայն, ենթադրում է խաղաղության հաստատմանն ուղղված ռազմական գործողություններ: Ռայսի խոսքով` ՄԱԿ-ի ԱԽ-ը պարտություն է կրել Սիրիայի բնակչության պաշտպանության հարցում, ավելին, ամոթալի է, որ ներկայիս ԱԽ-ն շարունակում է գտնվել «դադարային» վիճակում, ակտիվանալու փոխարեն:

 

ՄԱԿ-ից ստացվող հաղորդագրությունների համաձայն` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները նոր բանաձևի նախագիծ են մշակում, որը ենթադրում է Սիրիայի կառավարության նկատմամբ պատժամիջոցների խստացում:

Նախորդ երկու բանաձևերը, որոնք Սիրիայի գործերին արտաքին զինված միջամտություն էին ենթադրում, ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակվել էին Ռուսաստանի ու Չինաստանի կողմից:

 

Ի դեպ, Անվտանգության խորհրդին է դիմել նաև Թուրքիան` զգուշացնելով, որ իր ռազմական ինքնաթիռի ոչնչացումը Սիրիայի կողմից «լրջագույն սպառնալիք է» տարածաշրջանի անվտանգությանը: Այս հաղորդագրությունն արվել է ՆԱՏՕ-ի խորհրդի` այսօր կայանալիք նիստին ընդառաջ, որի ժամանակ պետք է քննարկվի հունիսի 22-ին տեղի ունեցած միջադեպը: