Դերենիկ Դումանյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է առողջապահության ոլորին առնչվող հարցեր

18:42 • 27.06.12

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմային, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական, առողջապահական և սոցիալական բարեփոխումների գծով պատասխանատու Սթիվեն Բրագերին:



Ըստ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին Հայաստանի առողջապահության համակարգին ուղղված աջակցության և երկարամյա համագործակցության համար:


Մասնավորապես` Առողջապահության նախարարությունը սերտ և շարունակական համագործակցություն է ծավալել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհաննեսյանի կողմից 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության, Ամերիկայի Միացյալ հայկական հիմնադրամի (UAF), 1997 թվականից Հայաստանում գործող հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և մի շարք այլ կազմակերպությունների և անհատների հետ:


Դերենիկ Դումանյանն անդրադարձել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և ՀՀ կառավարության միջև 2010թ. օգոստոսի 6-ին ստորագրված առողջապահության և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրին, որի շրջանակներում շարունակվում է առողջության առաջնային օղակում բարեփոխումների իրականացումը, տուբերկուլյոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում համագործակցությունը:


Կարևորելով համաձայնագրում նշված ուղղությունները և համատեղ իրականացվող բոլոր ծրագրերը` նախարարը վստահեցրել է, որ բոլոր նախաձեռնությունները և առողջապահության թիմի առջև դրված խնդիրները կլուծվեն:


Դեսպանն իր հերթին մանրամասնել է համատեղ իրականացվող ծրագրերը, հատկապես առանձնացնելով շտապօգնության ծառայության բարելավման ծրագիրը, քանի որ այն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ, դեսպանատան և ՀՀ առողջապահության նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում, ինչը վստահության, թափանցիկության, հաշվետվողականության երաշխիք է:


Միաժամանակ, նա կարևորել է սփյուռքի մասնակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք այս տարիների ընթացքում կայուն դերակատարում են ունեցել հայ ազգաբնակչության առողջության պահպանման հարցում:


Գնահատելով «Հայկական ակնաբուժության նախագծի» կարողությունները` Ջոն Հեֆերնն առաջարկել է ընդլայնել ծառայությունները և համատեղ ուժերով ստեղծել Ակնաբուժության գերազանցության կենտրոն, որը միակը կլինի տարածաշրջանում:


Կողմերը խոսել են նաև Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի խնդիրներից, ծառայության բարելավմանն ուղղված միջոցառումներից ու ծրագրերից:


Ջաթինդեր Չիման ողջունել է մոտեցումները և պատրաստակամություն հայտնել մասնակցելու ուռուցքաբանության ծառայության արդիականացման ծրագրերին: