Տարեկան Հայաստանում թիկնապահների կողմից գործադրված բռնության 10-15 դեպք է գրանցվում

17:51 • 27.06.12

Ցանկացած կառույց կամ անհատին պաշտպանելու համար պետք չեն բարձրահասակ և խոշոր կազմվածքով թիկնապահներ, պետք են՝ գրագետ մարդիկ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Թիկնապահական ակադեմիայի ղեկավար Արսեն Դավթյանը:


Նա ընդգծեց, որ գրագետ պաշտպանություն կազմակերպելու համար նույնիսկ թիկնապահների քանակը նշանակություն չունի:
«Թիկնապահները առաջին հերթին պետք է սովորեն, հավաքեն իրենց գրագիտությունը դեպի թիկնապահություն, հետո աշխատեն: Ես աշխատել եմ արտասահմանում և երբեք իմ կամ մեր թիմից որևէ մեկի կողմից երբեք բռնություն չի եղել ժողովրդի նկատմամբ, իսկ Հայաստանում տարեկան 10-15 դեպք լինում է, որ թիկնապահները մարդկանց հանդեպ բռնություն են կիրառում»,- ասաց նա:


Արսեն Դավթյանը ցավով նշեց, որ նման մարդկանց պատճառով թիկնապահների անունը «ընկնում» է: Նա նշեց, որ թիկնապահը երբեք չի եղել բռնակալ ու հարձակվող:


«Այն վայրը, որը պաշտպանում է թիկնապահը համարվում է նրա տունը և նա իրավունք չունի թույլ տալու, որ իր տանը վեճ ու կռիվ լինի, կամ մեկը բարձր խոսի: Նա ոչ թե պետք է խառնվի կռվին, բացատրի որ նման պահվածքն անընդունելի է և, ի վերջո, Ոստիկանությանը դիմի: Սա իսկական թիկնապահին վայել պահվածքն է»,– ասաց նա:


«Կան թիկնապահներ, որ նույնիսկ չգիտենք՝ ունեն համապատասխան փաստաթուղթ, թե՝ ոչ»,-նշեց նա և ավելացրեց, որ երբեմն թիկնապահներին ճիշտ չեն բացատրում իրենց իրավունքները և անելիքները:


Թիկնապահական ակադեմիայի ղեկավարը նշեց, որ Հայաստանում այս մասնագիտությունը ձևավորվել է 1996թ-ից հետո և բոլոր թիկնապահները ցանկանում էին նմանվել եվրոպացի իրենց գործընկերներին:


Արսեն Դավթյանի խոսքով՝ այսօր Հայաստանում հարուստները թիկնապահներ են վարձում իրենց գումարների անվտանգության համար։