Սիրիայի նախագահն իր երկրում տիրող իրավիճակը պատերազմ է անվանել

09:03 • 27.06.12

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը խոստովանել է, որ այն, ինչ կատարվում է երկրում, «իսկական պատերազմ» է, այս մասին այսօր հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը:

 

Համապատասխան հայտարարությունն Ասադն արել է սիրիական նոր կառավարության առաջին նիստում: Նախագահը նախարարների կաբինետից պահանջել է օգտագործել ունեցած բոլոր ռեսուրսները պատերազմում հաղթանակի հասնելու համար:

 

Ինչպես հիշեցնում է Reuters-ը, Ասադը երբեք երկրում տիրող իրավիճակին նման գնահատական չէր տվել` հայտարարելով միայն, որ գործող կառավարության դեմ պայքարում են արտերկրից ֆինանսավորվող խմբավորումները:



Միևնույն ժամանակ, Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ միայն երեկ Սիրիայում սպանվել է 68 խաղաղ բնակիչ, 21 զինվոր և 7 գրոհային:


Ըստ կազմակերպության` նախորդ տարվա մարտի կեսերից ցայսօր Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջև բախումներին զոհ է գնացել 15.000 մարդ, այդ թվում` խաղաղ բնակիչներ, զինվորներ ու ապստամբներ:

 

Եվրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ-ն հայտարարել են Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամության մասին, ինչին դեմ են Ռուսաստանն ու Չինաստանը: