Ավստրիայի նախագահը Գեղարդը համարեց համաշխարհային մշակույթի գանձ, իսկ այնտեղ երգած երգչուհիների ձայնը՝ աստվածային (ֆոտո)

14:07 • 27.06.12

Լուսանկարները՝ Panarmenian Photo-ի

 

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ավստրիայի նախագահ Հանց Ֆիշերը այսօր իր տիկնոջ հետ այցելեց Գառնու տաճար: Հայկական հեթանոսական տաճարի հետ ծանոթանալուց հետո նա ուղևորվեց Գեղարդ: Ավստրիայի պատվիրակությունը եղավ Գեղարդի համալիրում, որտեղ շրջայց կատարեց Պռոշյանների սուրբ Աստվածածին եկեղեցում:


Լրագրողների հետ զրույցում Ավստրիայի նախագահը նշեց, որ հասցրել է լինել մի քանի տեսարժան վայրերում, բայց ամենից շատ իրեն գրավել է Գեղարդի համալիրը և վիմափոր սրահում երիտասարդ երգչուհիների հնչեցրած հոգևոր երգերը:

 

«Նրանց ձայնը այնտեղ ինձ աստվածային թվաց: Գեղարդը ես համարում եմ ոչ միայն Հայաստանի, այլ նաև համաշխարհային մշակույթի գանձերից մեկը»,- ասաց նա:


Նախագահը նշեց, որ Արարատի կոնյակի գործարանում իրեն հաճելի եղավ ստորագրել մի հուշամատյանում, որտեղ իրենց տպավորություններով են կիսվել շուրջ 25-30 նախագահ:

 

«Ես տպավորված եմ հատկապես հայերի հյուրընկալությամբ և հյուրասիրությամբ: Ինչպես նաև ժպտերես լրագրողներով, ինչը ես չեմ տեսնում Ավստրիայում և Վիենայում»,-ասաց նա:


Հանց Ֆիշերը Էջմիածնում լինելուց ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո կավարտի իր եռօրյա պաշտոնական այցը Հայաստան:

 

Հիշեցնենք, որ Ավստրիայի նախագահը Հայաստան էր ժամանել հունիսի 25-ին: