Թուրքիան վերականգնում է ռազմատեխնիկական համագործակցությունը Ֆրանսիայի հետ

14:40 • 27.06.12

Թուրքիան վերացրել է Ֆրանսիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները`  վերականգնելով ռազմատեխնիկական համագործակցությունը պաշտոնական Փարիզի հետ: Այս մասին, ինչպես հայտնում է Defense News-ը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:


Համագործակցությունը կվերականգնվի ռազմական բոլոր ոլորտներում: Այսուհետ ֆրանսիական ընկերությունները կարող են Թուրքիային վաճառել ցանկացած տեսակի սպառազինություն:


Սա նշանակում է, որ այժմ եվրոպական EuroSAM հրթիռային կոնցեռնը, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է ֆրանսիական ընկերություններին, կարող է վերականգնել մասնակցությունը մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների մատակարարման թուրքական տենդերում: Մրցույթի հաղթողի հետ կկնքվի 4 մլրդ դոլար արժողության պայմանագիր:

Պատժամիջոցները սահմանվել էին 2011թ.-ի դեկտեմբերին, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: