Տարակուսելի բան եք ասում. Գալուստ Սահակյանը՝ ՀԱԿ առաջնորդի հայտարարության մասին

18:27 • 27.06.12

Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ո՛չ կարդացել է, ո՛չ էլ գիտի, թե ինչ է ասել «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի երեկվա հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:


Այս մասին ՀՀԿ խմբակցության ղեկավարը Tert.am-ին ասաց ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության, ըստ որի, ՀՀԿ-ն ամեն ինչ անում է ՀԱԿ-ի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև համագործակցությունը վիժեցնելու համար:


«Տարակուսելի բան եք ասում. ի՞նչ կապ ունի ՀԱԿ-ը «Բարգավաճի» մասին խոսք ասի: «Բարգավաճը» կազմակերպված, իր ռեյտինգն ունեցող կուսակցություն է: Իսկ որ լավ խոսքեր է ասել ԲՀԿ-ի հասցեին … դրանից կարելի դրական էմոցիաներ ստանալ, բայց չեմ կարծում, որ ՀԱԿ-ը պետք է տրամաբանորեն գնահատականներ տա՝ դրական կամ բացասական, որևէ կուսակցության»,– ասաց նա:


«Վերջին հաշվով, կուսակցությունները միջոց են, դրանք առասպելներ չեն, որ միտինգ անենք ու բնորոշենք որևէ կուսակցության»,– ավելացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։


Գալուստ Սահակյանը տեսականորեն համամիտ է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարության հետ, որ իրենց ներկայությունը քաղաքական մեծամասնության վրա սթափեցնող ազդեցություն է թողնում կամ ինչպես Ա.Մանուկյանը ձևակերպեց՝ «ստիպված են լինում ավելի զուսպ լինել, դահլիճում՝ ավելի շատ լինել, գիրք կարդալ»:



«Բնական է ընդդիմության դերակատարումը դա է, պիտի կարողանա (անել այնպես – Tert.am), որ իշխանական կուսակցություններն ավելի զգոն լինեն: Բայց դա վերագրել իրենց ես չեմ կարծում՝ դեռ դրա ժամանակն է»,- ասաց Գալուստ Սահակյանը: