Ռումինիայում բացառիկ հայկական «հրաշքների եկեղեցին» կնշի իր 500-ամյակը

10:59 • 27.06.12

1512-ին կառուցված Ռումինիայի Սուչավա բնակավայրի Հագիգադարի հայկական վանքը օգոստոսի 12-ին կնշի կառուցման 500-ամյակը, տեղեկացնում է Armenian Mirror Spectator-ը:

 

Սպասվող տոնակատարության առիթով՝ առաջին անգամ Ռումինիա կմեկնի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը:

 

Հագիգադարը հայտնի է որպես «հրաշքների եկեղեցի». հավատացյալների շրջանում հռչակված է ցանկուցություններ իրականացնելու իր ուժով: Դարեր շարունակ աշխարհի տարբեր մասերից այստեղ մարդիկ են գալիս՝ աղոթելու: Այսօր ամեն օր Հագիգադարի հայկական եկեղեցի մոտ 100 մարդ է գալիս՝ Ուկրաինայից, Լեհաստանից, Հունգարիայից, Մոլդովայից և Ռումինիայից:

 

Այժմ եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվում է ծննդով Ռումինիայից, ամերիկաբնակ բարերարներ տեր և տիկին Կույումջյանների միջոցներով:

 

Եկեղեցին կառուցել են հայազգի գործարարներ Դոնավագ եղբայրները: Վիեննա ճանապարհորդելիս նրանք հանգստանալու նպատակով կանգ են առել Սուչավա քաղաքի բլուրներից մեկի վրա, երազում նրանց հայտնվել են երգող հրեշտակներ: Գործարար եղբայրները երդվել են, որ Վիեննայում հաջողելու դեպքում Սուչավյի այդ բլրի վրա վանք կկառուցեն, ինչը և արել են: Սուչավան մինչև 1564-ը եղել է Մոլդովայի իշխանության մայրաքաղաքը, մեծ հայկական համայնք է ունեցել՝ 7 հայկական եկեղեցով: Հայաստանի հետ կապն ամրապնդելու համար այստեղ Տաթևի վանքից 1288-ին պատրաստված զանգ է բերվել և տեղադրվել: