ՕԵԿ-ի համակիրների շրջանում նոր ակտիվություն է զգացվում. Իշխան Խաչատրյան

19:05 • 27.06.12

ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանը անհիմն է որակում իրենց կուսակցության շարքերի նոսրանալու մասին խոսակցությունները:




«Ես արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ մենք վերակազմավորման գործընթաց ենք սկսել և անդամագրման նոր կարգ ենք սահմանել, որն ուղղված է տարածքային կառույցների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, թե իսկապես նվիրված մարդկանցով կուսակցության շարքերը համալրելուն, իսկ որոշ մարդիկ այս գործընթացը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու»,- Tert.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՕԵԿ-ական պատգամավորը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի ներկուսակցական գործընթացներ են առկա ներկայումս խորհրդարան անցած 6 քաղաքական ուժերից մեկում:

 


Հիշեցնենք, որ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը մի առիթով ասել էր, թե կուսակցությունն ունի շուրջ 170 հազ անդամ, որից միայն 120 հազ.-ը կանայք էին: Ընտրություններին, սակայն, ՕԵԿ-ը ստացավ 83 հազ. ձայն:




Իշխան Խաչատրյանը հրաժարվեց անդրադառնալ այս վիճակագրության պատճառներին՝ պնդելով, որ ինքը մի քանի անգամ խոսել է այդ մասին և միայն սահմանափակվեց հետևյալով. «Կարող եմ Ձեզ վստահեցնել, որ նոր ակտիվություն է զգացվում մեր համակիրների շրջանում թե Երևանում, թե մարզերում, և մեր աշխատանքներն իրենց բնականոն հունով շարունակվում են»:


Նշենք, որ այսօր այս թեմային անդրադարձել էր նաև «Չորրորդ իշխանություն» օրաթերթը, որի տեղեկացմամբ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ որոշ մարզերում մի շարք ՕԵԿ-ականներ, որոնք կանգնած են եղել կուսակցության ձևավորման ակունքներում, մտադիր են դուրս գալ կուսակցությունից: Որոշ ՕԵԿ-ականներ էլ մտադիր են համալրել ՀՀԿ շարքերը, քանի որ այս օրերին ՀՀԿ-ական քաղաքապետացուներից բավականին «ծանրակշիռ» առաջարկներ են ստանում: