Լուկաշենկոն հայտնել է իր ժառանգորդի անունը

15:25 • 27.06.12

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կարակաս պաշտոնական այցի շրջանակում բարձր է գնահատել Վենեսուելայի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ 2 տասնամյակ անց իր սկսած գործը կշարունակի իր կրտսեր որդին` Նիկոլայ Լուկաշենկոն:

 

Ինչպես հայտնում է «Ռոսբալտ»-ը, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն անձամբ է դիմավորել բելառուսական պատվիրակությանը: «Այսօր Վենեսուելայում հանդիսավոր օր է, քանի որ մենք դիմավորում ենք Ալեքսանդր Լուկաշենկոյին ու նրա որդուն` Նիկոլային»,- ասել է Չավեսը:

Ըստ նրա` վերջին տարիներին երկու երկրները ոչ միայն ռազմավարական գործընկերություն են ստեղծել, այլև եղբայրություն` ուշադրության առնելով պաշտոնական Մինսկի ձգտումը` ընդլայնել հարաբերությունները Լատինական Ամերիկայի երկրների հետ:

Նա նշել է, որ օրակարգում են նավթա և գազարդյունահանման, նավթաքիմիայի, շինարարության, արդյունաբերության և այլ ոլորտներում արդեն իրագործվող երկկողմ նախագծերին վերաբերող հարցերը:

 

«Ոմանք կասկածում են մեր համագործակցության հեռանկարին: Այստեղ է իմ տղան, և դա խոսում է այն մասին, որ մենք լուրջ ու երկարամյա համագործակցության հիմքեր ենք դրել, և կա մեկը, ում 20-25 տարի անց կհանձնվի էստաֆետը»,- ասել է Լուկաշենկոն: