«Միլանոյի» հայցը հասավ Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Աբովյան փողոցում նախկինում գործող «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի մամուլի կենտրոն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ սեփականատերն այլևս հույս չունի արդարություն գտնել Հայաստանի դատական ատյաններում և վերջերս դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Նա վիճարկում է «հանրային գերակա շահի» անվան տակ իր սեփականությունը օտարելու Կառավարության որոշումը»,– ասվում է հաղորդագրությունում։
Նաև հիշեցվում է, որ խանութի տարածքը նրա ձեռքից վերցվեց 2009-ին, սակայն այս տարիներին պետությունն այդտեղ ոչ մի հանրօգուտ ծրագիր չի իրականացրել:
««Միլանո» խանութի տարածքն արդեն 4 տարի է ոչ մի կերպ չի օգտագործվում, ոչ մի աշխատանք այնտեղ չի կատարվում: Ընդամենը քանդվել է շենքը, և ո՞րն էր այս դեպքում պետական շահը, հայտնի չէ»,– ասվում է հաղորդագրությունում։
«Մինչդեռ պետական և հասարակական կարիքների համար տարածքի օտարման մասին ՀՀ օրենքի համաձայն, եթե օտարված տարածքում նոր սեփականատերը երկու տարվա ընթացքում չի սկսում այն ծրագրի իրականացումը, որի համար օտարվել է տարածքը, ապա նա կորցնում է իր իրավունքը, և հողը վերադարձվում է նախկին տիրոջը։ Հենց այս օրենքի համապատասխան հոդվածով էլ հիմնավորվում է միջազգային դատական ատյանին ուղղված հայցը»,– նշում են Հովհաննես Ղուկասյանի մամուլի կենտրոնում:









