Մոլդովայի վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի դեղատոմսը «կարտագրի» Սաակաշվիլիից. НГ
Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան` նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից իրավական համակարգում կոռուպցիայի դեմն առնելու դեղատոմսն «արտագրելու» նպատակով, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: Իսկ վրացական «հաջողությունը» կրկնելուն մոլդովացիներին կօգնեն ամերիկացիները:
Քիշնևում Միացյալ Նահանգների դեսպանատունն այս առթիվ համաժողով է կազմակերպել` «Վրաստանի փորձը ոստիկանության բարեփոխման ոլորտում ու խորհուրդներ Մոլդովայի համար» թեմայով:
«Մոլդովային վրացական փորձի ներդրման օգնությամբ իրավական համակարգի բարեփոխումը, մասնավորապես` ոստիկանության, անհրաժեշտություն է` եվրոպական ընտանիքին միանալու համար»,- ասել է ամերիկացի դեսպան Ուիլյամ Մոզերը:
Նա նաև հայտնել է, որ պաշտոնական Վաշինգտոնն ամեն կերպ կաջակցի երկրի իշխանություններին` կոռուպցիայի դեմ պայքարում:
Ֆիլատը հայտնել է, որ մտադիր է զբաղվել իրավական համակարգի «առողջացմամբ», ու դրա համար անձամբ կայցելի Թբիլիսի` անզեն աչքով տեսնելու ու համապատասխան մարդկանց հարցեր ուղղելու համար: Նմանների շարքին է դասվում նաև նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ում, ինչպես վրացիներն են նշում, պարտական է երկիրը` կաշառակերությունը վերացնելու համար:
«Ֆիլատը, ինչպես Սաակաշվիլին, էներգիայով լի է, շարժուն և չի վախենում բարեփոխումներից: Սակայն նրա ու նրա երկրի կարգավիճակն են տարբեր: Վրաստանը նախագահական հանրապետություն է, որտեղ նախագահը հրամայում է, և բոլորը կատարում: Մոլդովան խորհրդարանական երկիր է, որտեղ վարչապետի ոչ բոլոր ասածներն են ընդունվում իշխող եռագլուխ դաշինքի կողմից»,- թերթի հետ զրույցում ասել է մոլդովացի քաղաքագետ Արկադի Բարբարոշիեն:
Նրա խոսքով` վրացական փորձը կարող է օգնել երկրին, եթե դրա համար լինի ողջ կառավարության կամքը:
Նա նշել է ևս մեկ տարբերություն Վրաստանի ու Մոլդովայի միջև: Վրաստանում ողջ բնակչությունը, անկախ քաղաքական հայացքներից, կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանն ու ԱՄՆ-ի հետ գործընկերությանը, իսկ Մոլդովայում, ինչպես ցույց են տվել վերջին հարցումները, Դաշինքին անդամակցությանը կողմ է բնակչության միայն 15%-ը: Այդ իսկ պատճառով, ըստ նրա, խոսել վրացական ուղու ամբողջական կրկնության մասին ճիշտ չէ: Մոլդովացիներին նույնիսկ աշխարհագրորեն մոտ է Եվրոպան, դրա համար նրանց ճանապարհը տանում է դեպի Եվրամիություն:









