Ուկրաինայից արտաքսվել է «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը` Օսետրինա-ավագը

12:08 • 27.06.12

Ուկրաինայից արտաքսվել է հայազգի «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը, ով հայտնի է Օսետրինա-ավագ և Էդիկ Թբիլիսցի մականուններով, հայտնում է «Ուկրաինսկիե նովոստի»-ն: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող Ասատրյանին արգելվել է վերադառնալ Ուկրաինա 3 տարվա ընթացքում:

 

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով` Ասատրյանն Ուկրաինա էր այցելել «քրեական կապեր հաստատելու, իր ենթակայության տակ գտնվող հանցավոր խմբերի գործունեությունն ընդարձակելու, հանցավոր աշխարհում ազդեցության ոլորտները վերաբաշխելու նպատակով»: Ինչպես հայտնում է TCH-ը, նրան ձերբակալել են Ղրիմում:

 

Իրավապահների տվյալներով` Օսետրինա-ավագը համարվում է Մոսկվայում վրացական հանցավոր միության ֆինանսիստն ու քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի վստահված անձը:

 

Նրա որդին` Սերգեյ Ասատրյանը, նույնպես «օրենքով գող» է և հայտնի է Օսետրինա- կրտսեր ու Սերյոժա-Բենթլի մականուններով: 2011թ.-ի դեկտեմբերին, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տեղեկություններով, նա դատապարտվել է Ռոստովում` Ասատրյանի հանցավոր կլանի հասցեին անհարգալից արտահայտված դատապարտյալին ծեծի ենթարկելը կազմակերպելու համար: