Տավուշում 53-ամյա տղամարդը նռնակի պայթեցման արդյունքում սպանել է իրեն, կնոջը և աներորդու կնոջը (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես Տավուշի մարզից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 12.30-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում Տավուշի մարզի բնակիչ 53-ամյա Վալենտին Սարգսյանը մտել է իր աներոջ տուն և հայհոյանքներ տալով այնտեղ գտնվող իր կնոջը, աներորդուն, նրա կնոջը և մի քանի հոգու, սպառնացել է, որ իր մոտ եղած նռնակը կպայթեցնի:
Վիճաբանության ընթացքում նա իր մոտ եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով ինքը, իր կինը՝ 62-ամյա Թամարա Հարությունյանը, աներորդու կինը՝ 60-ամյա Լիանետա Պետրոսյանը մահացել են, իսկ աներորդին՝ 62-ամյա Բորիս Պետրոսյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արշավիր Գևորգյանի, ինչպես նաև ժամանել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Բերդի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ հաշվի առնելով պատահարի արտակարգ բնույթը, դեպքի վայր է ժամանել նաև Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը, ինչպես նաև Ոստիկանության Տավուշի մարզի վարչության փորձագետները, քրեագետներն ու դատական բժիշկը:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ երկու օր առաջ ամուսինների միջև վիճաբանություն է տեղի ունեցել և կինը ամուսնու տանից թողել եկել էր հայրական տուն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









