Արտակարգ պատահար Սոթքի ոսկու հանքում. կա վիրավոր (լուսանկարներ)
Երեկ՝ հունիսի 26-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ 41-ամյա Գրիգոր Գասպարյանն իրեն ամրակցված 31 համարի «Բելազ» մակնիշի ավտոմեքենայով շրջվել է «Գեո Պրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքում, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոց:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով դեպի բաց հանք տանող ճանապարհին ջրատար «Բելազի» շարժիչի աշխատանքը դադարել է, որի հետևանքով այն հետ է ընթացել և շրջվել:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի օպերատիվ-քննչական խումբը՝ քննիչ Գարիկ Երանոսյանի գլխավորությամբ:
Քննիչի հանձնարարականով շրջված մեքենան ի պահ է հանձնվել Սոթքի ոսկու հանքին:
Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









