Աշակերտուհին հետմահու պարգևատրվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդների նկարները փրկելու համար

13:57 • 27.06.12

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հետմահու պարգևատրել են 14-ամյա աշակերտուհի Հան Հեն Գենին, ով իր կյանքի գնով ջրհեղեղից փրկել է երկրի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի հոր ու պապի` Կիմ Չեն Իրի ու Կիմ Իր Սենի նկարները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը, գրում է հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» թերթը:


Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 11-ին, երկրի արևելքում: Փորձելով փրկել նկարները տուն լցված հեղեղից, Հան Հեն Գենը, դրանք փաթաթել է պոլիէթիլենային փաթեթով ու ողջ ժամանակ այն պահել ջրի վրա:

 

Ընդգծելով աղջկա հերոսական քայլը, երկրի ղեկավարությունը նրան պարգևատրել է Կիմ Չեն Իրի անվան Պատանեկան մրցանակով: Բացի այդ, նրա անունով է անվանակոչվել իր դպրոցը: Պարգևների են արժանացել նաև աղջկա հարազատները, ուսուցիչներն ու համադասարանցիները:


Հյուսիսկորեացի առաջնորդների նկարները սրբազան նշանակություն ունեն, որոնց կարելի է հանդիպել բոլոր տներում ու պետական հաստատություններում: