Միթ Ռոմնին հաղթել է գլխավոր մորմոնական նահանգի փրայմերիզում
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ, նախագահի թեկնածության հավակնորդ Միթ Ռոմնին հունիսի 26-ին հաղթել է Յուտայում անցկացված Հանրապետական կուսակցության փրայմերիզում, հայտնում է Associated Press-ը:
Ռոմնիի օգտին քվեարկել են բոլոր 40 պատվիրակները: Սակայն The Salt Lake Tribune-ն էլ գրում է, որ նրա օգտին քվեարկել է պատվիրակների 90%-ը: Սակայն սա արդեն կարևոր չէ, քանի որ մինչ Յուտայում փրայմերիզը, Ռոմնին արդեն հավաքել է կուսակցության միասնական թեկնածուն դառնալու համար անհրաժեշտ 1.144 պատվիրակների ձայները:
Ինչպես գրում է The Salt Lake Tribune-ը, Յուտայում քվեարկության ելքը կանխորոշված էր, քանի որ Յուտան ոչ պաշտոնապես համարվում է մորմոնների գլխավոր նահանգը, իսկ Ռոմնին մորմոն է: 2008թ.-ի տվյալներով` նահանգի բնակչության 58%-ը մորմոններ են:
Նրա թեկնածությունը պաշտոնապես կհաստատվի օգոստոսի վերջին կայանալիք Հանրապետական կուսակցության համագումարում: Իսկ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերին:









