Խոշոր ավտովթար Գարեգին Նժդեհ փողոցում. Ճանապարհային ոստիկանները չէին տիրապետում իրավիճակին (լուսանկարներ, տեսանյութ)
Երեկ՝ հունիսի 26–ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.amժին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30–ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում Շենգավիթի վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 47 TR 777 համարանիշի, «Դեու Նեքսիա» մակնիշի Լ 1189 համարանիշի, «ՎԱԶ 2112» մակնիշի Լ 3746 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1–ին սպայական գումարտակի աշխատակիցները, սակայն նրանց չի հաջողվել նշված հատվածում տիրապետել իրավիճակին։
Դեպքի վայրում քննչական աշխատանքները իրականացնում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արմեն Ճանճապանյանը։
Քննիչի հանձնարարականով երեք մեքենաները տեղափոխվեցին Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ վթարից մի քանի մետր այն կողմ գտնվում է Ոստիկանության Շենգավիթի բաժնի վարչական շենքը, բայց անգամ այս բաժնի աշխատակից ոստիկանները չեն եկել օգնելու ճանպարհային ոստիկաններին՝ կարգավորել երթևեկությունը։
Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի









