Աֆրիկայի 40 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան կխստացվի
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի կառավարելի և վերահսկելի կդարձնի Աֆրիկյան մայրցամաքի պետությունների քաղաքացիների և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց մուտքը ՀՀ տարածք: Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը:
«Վերջին շրջանում արձանագրվել է Աֆրիկյան մայրցամաքի պետությունների քաղաքացիների կողմից Եվրոպա մեկնելու համար ՀՀ տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելու փորձերի աճ: Նշված կոնտինգենտի անձինք ժամանում են Հայաստան և գտնվում այստեղ անօրինական կերպով կամ ձևական ստեղծված ֆիրմաների միջնորդության հիման վրա փորձում են ստանալ կացության ժամանակավոր կարգավիճակ, որի հետևանքով դրանց հոսքը կարող է դառնալ անկառավարելի և ստեղծել բազմաթիվ խնդիրներ, ինչպես սոցիալական, դեմոգրաֆիական, առողջապահական (հաշվի առնելով նշված երկրներում ՁԻԱՀ-ի և այլ սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությունը), այնպես էլ քրեածին բնույթը»,- նշեց Գ. Հակոբյանը:
Վերջինիս խոսքով` կառավարության որոշման մեջ փոփոխությամբ Աֆրիկյան մայրցամաքի 40 պետությունները կմտնեն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ, և միայն հրավերի հիման վրա, այդ երկրների քաղաքացիները հնարավորություն կունենան ժամանել Հայաստան ու առանց որևէ խոչընդոտի ՀՀ պետական սահմանի անցման կետերում ստանալ մուտքի վիզա։









