Անանն առաջարկել է Սիրիայում «ազգային միասնության կառավարություն» ստեղծել
ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանը հանդես է եկել Սիրիայում «ազգային միասնության կառավարություն» ձևավորելու առաջարկությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների:
Անանի առաջարկի համաձայն` «միասնական կառավարության» կազմում պետք է ընդգրկվեն ինչպես գործող իշխանության կողմնակիցները, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները, սակայն միևնույն ժամանակ դրանում չպետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք իրենց ներկայությամբ կարող են խոչընդոտել ներքին երկխոսությանը ու վտանգի տակ դնել անցումային կառավարությանը վստահությունը:
Reuters-ի աղբյուրների համաձայն` սա նշանակում է նախագահ Բաշար ալ Ասադի չընդգրկում «միասնական կառավարության» կազմում: Նրանց խոսքով` կարևոր պետությունները, այդ թվում` Ռուսաստանը, աջակցել են Անանի գաղափարին:
Հատուկ պատվիրակի առաջարկի մանրամասները կքննարկվեն հունիսի 30-ին Ժնևում կայանալիք Սիրիային նվիրված հանդիպմանը:
Ի դեպ, խնդրի շուրջ տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին նվիրված հարցեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Քննարկվել է նաև Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից նախորդ ուրբաթ ոչնչացված թուրքական ռազմական ինքնաթիռի թեման: Նշվել է, որ այդ ողբերգական միջադեպի հանգամանքները պետք է մանրազնին հետաքննվեն:









