Հայաստանն աքցանի մեջ. պատմության գերին. The Economist
Բրիտանական The Economist պարբերականը իր նոր՝ «Հայաստանն աքցանի մեջ. պատմության գերին» վերնագրով վերլուծության մեջ դիտարկել է «պատմության գերի» Հայաստանի ամենաարդիական խնդիրները:
«Հայաստանը կարծես թե լուրերում հայտնվելու միտում ունի իր խնդիրների պատճառով (պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրություն և տնտեսությունը այդ խնդիրներից միայն մի քանիսն են): Սակայն Միջազգային Ճգնաժամային խմբի (ՄՃԽ) վերջին զեկույցի համաձայն՝ ամեն բան չէ, որ հոռետեսական է: Մայիսի խորհրդարանական ընտրությունները զգալի բարելավում արձանագրեցին: Ընտրությունների լուսաբանումը առավել հավասարակշռված էր, իսկ իշխանությունները հանրահավաքների, խոսքի և տեղաշարժման ավելի մեծ ազատություն են թույլատրել, քան նախորդ տարի: Վրաստանի պես Հայաստանն էլ ունի «երեսունն անց» տեխնոկրատների դաս, որոնց արևմտյան կրթությունը և լայն աշխարհայացքը նշանակում է, որ նրանց մեջ նվազ արմատացած է խորհրդային մտածելակերպը, քան նրանց նախորդների: Դա լավ բան է կանխագուշակում ապագայի համար:
Տնտեսությունը դեռ ուշքի է գալիս համաշխարհային տնտեսական ճգնաժամից, որը ՀՆԱ-ի 14,2 %-ի անկում գրանցեց 2009-ին: Նույն շրջանում շինարարության ոլորտում ավելի քան 40 %-ի անկում եղավ: Դրամական փոխանցումները սփյուռքից կրճատվեցին 30%-ով: Դա հանգեցրեց նրան, որ Forbes ամսագիրը Հայաստանը որակեց աշխարհի 2-րդ ամենավատ գործող տնտեսությունը 2011-ին՝ ինչքան էլ դա վրդովեցնում է Երևանին: Չնայած պաշտոնական վիճակագրությամբ գործազրկությունը 8% է, վերջին հարցմանը պատասխանողների 48%-ն ասել է, որ աշխատանք է փնտրում: Երկրի բնակչության 1/3-րդից ավելին չքավորության սանդղակից ցածր ցուցանիշի պայմաններում է ապրում: Կոռուպցիայի վերաբերյալ բողոքները մեծ տարածում ունեն, իսկ դրամի արժեզրկումը բարձր է:
Հարկահավաքության ցածր ցուցանիշները՝ ՀՆԱ-ի 19,3%-ի չափով, ԵՄ երկրների միջին 40 %-ի համեմատ, սահմանափակում են կառավարությանը: Հարկերից խուսափելը վերացնելը կառավարության եկամուտը կարող էր ավելացնել ավելի քան 400 մլն դոլարով, ասում է Համաշխարհային բանկը: Տնտեսության մեջ մի քանի ազդեցիկ բիզնեսմեն է գերիշխում: Նրանց մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները զգալիորեն արգելակում են բիզնեսի զարգացումը: Նրանց ազդեցությունը թուլացնում է նաև քաղաքական կամքը՝ այնպիսի բարեփոխումների հանդեպ, որ ծայրահեղ անհրաժեշտ են երկրին:
Հայաստանում ժողովրդվարության զարգացումը ևս բարելավման շատ տեղ ունի: Վարչական ռեսուրսների չարաշահումը, ուռճացված ընտրացուցակները, քվեների գնումը և ճնշումներն ընտրողների վրա մայիսին տեղի ունեցած խախտումների միայն որոշ մասն են: Ավելին, 2008-ի ոչ կոռեկտ նախագահական ընտրությունները և հաջորդած ուժի կիրառումը ցուցարարների վրա (որի ժամանակ 10 մարդ զոհվեց, 450-ը վիրավորվեց) նշանակում է, որ կառավարությունը շատ ավելին պետք է անի՝ իր հուսալիությունը վերականգնելու համար: Երկրի ժողովրդավարական կառույցների հանդեպ հասարակության վստահությունը ցածր է, լայն տարածում ունի ցինիզմը:
Հաջորդ խոշոր փորձությունը կլինեն 2013-ի փետրվարի նախագահական ընտրությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է «Հայաստանի պատմության ամենամաքուր ընտրությունները»: Եթե այդպես է, ապա նա շատ անելիք ունի: Երկրին ավելի լավ ապագա է հարկավոր, քան աճը դադարեցրած տնտեսությունը և փակուղային հակամարտությունները հարևանների հետ», - եզրակացնում է ՄՃԽ-ն»:
«Սա՝ մեղմ ասած, հիշեցնելով, որ Թոմաս դե Վաալի 2010-ի գրքի համաձայն Լեռնային Ղարաբաղը «քնած հրաբուխ» է: Հիմնական կռիվը դադարել է 1994-ին, սակայն այս տարվա ապրիլի 27-ից մինչև հունիսի 20-ն ընկած շրջանում 8 հայ և 7 ադրբեջանցի զինվոր է զոհվել: Սա առայժմ մահացության ամենավատ ցուցանիշն է եվրոպական ցանկացած հակամարտության կտրվածքով (նույնիսկ Ռուսաստանի անհանգիստ Հյուսիսային Կովկսը նկատի ունենալու դեպքում):
Եթե նման բան, ասենք, Բալկաններում տեղի ունենար, աշխարհը անհանգստացած կհետևեր դրան: Սակայն դա Բալկաններում տեղի չի ունենում»,- նշում է ամերիկյան հանդեսը:









