Եգիպտոսում ամբոխը դաժանաբար բռնաբարել է բրիտանուհի լրագրողին
Բրիտանուհի լրագրող 21-ամյա Նատաշա Սմիթը մի խումբ եգիպտացիների կողմից դաժան բռնաբարության է ենթարկվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում, որտեղ նորընտիր նախագահ Մուհամեդ Մուրսին իր համախոհների հետ նշել է իր հաղթանակը նախագահական ընտրություններում, տեղեկացնում է newsru.com կայքը:
Նատաշան գրել է իր բլոգում. «մարդիկ նշում էին նախագահի հաղթանակը, ամենուրեք բազմաթիվ ընտանիքներ էին իրենց երեխաների հետ, հրավառություն էր, սակայն հանկարծ ամբոխը մոտեցավ ինձ ու չնկատեցի թե ինչպես տասնյակից ավելի տղամարդկանց առաջ մնացի միայնակ: Նրանք սկսեցին հանել հագուստս, մի քանիսը ձեռքերս էին բռնել, մյուսները հանում էին տաբատս: Նրանք ինձ կենդանու պես գետնին նետեցին, հետո ամբողջությամբ մերկացրին: Ճանկռում էին կրծքերս և դիմում ձեռքերի օգնությանը»,- նշել է Նատաշան:
Նատաշան ավելացրել է, որ այդ պահին հազիվ էր շնչում, կրկնում էր. «խնդրում եմ, Աստված, թող սա շուտ վերջանա, թող ես մեռնեմ մինչ նրանք ինձ կբռնաբարեն»:
Մի խումբ տղամարդիկ մեկը մյուսին փոխանցելով բռնաբարել են նրան, մազերից բռնած քարշ տվել փողոցով: Ավելի ուշ նրա ընկերներին հաջողվել է գտնել աղջկան ու, տղամարդու հագուստ հագցնելով, դուրս բերել ամբոխի միջից և տեղափոխել հիվանդանոց:
Սակայն այնտեղ էլ բժիշկների վերաբերմունքը ոչ միանշանակ է եղել:
Բժիշկները հարցրել են նրան, թե արդյո՞ք ամուսնացած է, կույս է, թե՞ ոչ, վերջիվերջո եկել են այն եզրահանգմանը, որ աղջկան բժշկական օգնություն հարկավոր չէ: Նատաշան ստիպված է եղել հիվանդանոցի զուգարանում ինքն իրեն հետազոտել:
Հիմա նա գտնվում է հայրենիքում և առողջությանը վտանգ չի սպառնում: Նա որոշել է վերադառնալ Եգիպտոս ու շարունակել իր վավերագրական ֆիլմի նկարահանումները: Նատաշայի կարծիքով` պատահածը չի կարող գնահատական տալ եգիպտական հասարակությանը, ավելին, ըստ նրա` Եգիպտոսը հրաշալի երկիր է:









