Սերժ Սարգսյանը եվրոպացի պաշտոնյաներին ներկայացրել է ՀՀ–ում իրականացվող բարեփոխումների ընթացքը

16:10 • 28.06.12

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի և Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Իոաննիս Կասուլիդեսի հետ, որոնց ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա ծրագրերը:


Ըստ նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ զրուցակիցներն ընդգծել են, որ նման հանդիպումները լավ առիթ են ինչպես միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու, այնպես էլ Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականության առաջընթացը և խնդիրները քննարկելու համար:

 

Հանդիպմանը կարևորվել է ԵՄ-ի հետ խորհրդարանական հարթությունում, նաև երկկողմ՝ ՀՀ ԱԺ-ի և Եվրախորհրդարանի, Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրոնեստի շրջանակներում համագործակցությունը:

 

Կողմերի համոզմամբ, նման հարթակները օրենսդիրների համար լավ հնարավորություն են սերտ կապեր հաստատելու եվրոպացի և արևելյան գործընկերության ձևաչափի երկրների իրենց գործընկերների հետ և քննարկելու համագործակցության ընդլայնման հեռանկարները:

 

Երկուստեք նշվել է, որ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը վկայում է կողմերի պատրաստակամության և հիմնական խնդիրների շուրջ մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին:

 

Նա նշել է, որ ներկայում Եվրոպական հանձնաժողովի հետ աշխատանքներ են տարվում այդ բարեփոխումների ռազմավարությունից բխող համատեղ գործողությունների ծրագիր մշակելու շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է Եվրոպական հարևանության «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը:

 

Սերժ Սարգսյանն այժմ Բրույսելում մասնակցում է ժամեր առաջ մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին:

 

Ավելի ուշ նա ԵԺԿ գրասենյակում հանդիպում կունենա կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: