Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով դոնորների համաժողովը կանցկացվի նախագահական ընտրություններից հետո

18:00 • 28.06.12

Եվրամիությունը հայտարարել է, որ Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով դոնորների համաժողովը կանցկացնի 2013-ի նախագահական ընտրություններից հետո՝ ակնարկելով, որ խորհրդարանական ընտրությունները լիովին չեն արդարացրել Բրյուսելի ակնկալիքները։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասել է կառույցի՝ ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակը՝ Փիթեր Ստանոն։


«Ազատությունը» հիշեցնում է նաև, որ նույն պաշտոնյան խորհրդարանական ընտրություններից առաջ՝ անցած տարվա դեկտեմբերին, իրենց ռադիոկայանին հաղորդել էր, որ պաշտոնական Բրյուսելը շատ է տպավորված արդար և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու՝ Հայաստանի իշխանությունների խոստումներից և պատրաստ է այդ ընտրություններից հետո միջազգային համաժողով անցկացնել և գումարներ հավաքել՝ Հայաստանին օժանդակելու համար։


«Մայիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հիմնականում դրական անցան, սակայն կան հարցեր, որոնք լուծում են պահանջում, և կախված այն հանգամանքից, թե ինչպես Հայաստանը կարձագանքի այդ խնդիրներին՝ 2013-ի նախագահական ընտրությունները ազատ և արդար անցկացնելու առումով, առավել հստակ կլինի՝ երբ է անցկացվում այս համաժողովը, ինչպես նաև՝ ինչ կարող է անել Եվրամիությունը Հայաստանին է՛լ ավելի աջակցելու և մեր օրակարգում առկա բոլոր ծրագրերը կատարելու ուղղությամբ», - ասում է Եվրամիության ներկայացուցիչը։


«Ազատություն» ռադիոկայանը փոխանցում է նաև, որ միջազգային այս հավաքները, որպես կանոն, մի հարկի տակ են հավաքում ֆինանսական լուրջ կարողություններ ունեցող կազմակերպություններին՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, և այլն, ինչպես նաև զարգացած երկրների ներկայացուցիչներին, որոնք ծանոթանում են դժվարին իրավիճակում գտնվող այս կամ այն երկրի խնդիրներին և գումարներ ու ծրագրեր են առաջարկում՝ դրանք լուծելու համար։ 2001 թվականին Փարիզում անցկացված այդօրինակ համաժողովում, օրինակ, Հայաստանը 620 միլիոն դոլարի նոր վարկեր և օժանդակություն է ստացել միջազգային կառույցներից՝ աղքատությունը կրճատելու համար։


Թե որքան գումար կարող է հավաքվել այս՝ դեռևս նախապատրաստվող համաժողովի ընթացում, Եվրամիության ներկայացուցիչը դժվարացել է նշել, սակայն ընդգծել է, որ դրանից առաջ Հայաստանի իշխանությունները դեռ պետք է մի շարք քայլեր կատարեն։

 

«Անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հարթել այն բացթողումները, որոնք արձանագրվել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ միջազգային չափանիշներին լիովին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար», - ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակը: Բացի այդ, նա անհրաժեշտ է համարել ավելացնել ջանքերը Մինսկի խմբի առաջարկած հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար, ակտիվացնել պայքարը կոռուպցիայի դեմ, ինչպես նաև ամրապնդել դատական համակարգի անկախությունը։