Չի կարելի քննադատել Թունիսի Բեն Ալիին և սատարել Ադրբեջանի Բեն Ալիևին. Հովհաննես Գևորգյանի հարցազրույցը՝ LeHuffingtonPost-ին
Ֆրանսիական LeHuffingtonPost հանդեսը հարցազրույց է ներկայացրել Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հետ, որում դիվանագետը սպառիչ պատասխաններ է տալիս ԼՂ-ի հետ կապված մի քանի առանցքային հարցերի շուրջ:
Հարցազրույցի նախաբանում 38-ամյա Գևորգյանը ներկայացվում է որպես «դիվանագետ, որը 9 տարի Փարիզում է ապրում, գիտի ֆրանսերեն, նույնիսկ ֆրանկոֆիլ է և ժպտում է»:
Ինչ վերաբերում է խաղաղ կարգավորման բանակցությունների ներկայիս փակուղային վիճակին, ապա ըստ Գևորգյանի՝ պատճառն այն է, և դա ակնհայտ դարձավ Բաքվի «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ, որ Ադրբեջանը ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով ամենավատ երկրներից է: Ալիևների ընտանիքը նախընտրում է ռազմատենչ հայտարարությունների տարբերակը, քանի որ այդկերպ սեփական ժողովրդի ուշադրությունը շեղում է նրան իսկ թալանելուն ուղղված իր գործունեությունից:
Պաշտոնյան կարծիք է հայտնում, որ միջազգային հանրությունը տեսականորեն նպաստում է հակամարտության կարգավորմանը: Գևորգյանը 2 հիմնական խնդիր է մատնանշում. այն,որ ԼՂ-ը ներգրավված չէ բանակցություններում և, որ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները միջազգային ատյաններից Բաքու վերադառնալուն պես հրաժարվում են բանակցային բոլոր սկզբունքներից:
Գևորգյանը նշում է, որ «բոլոր ժողովուրդներն էլ խաղաղության, անվտանգության և ժողովրդավարության կարիք ունեն: Սա ճշմարիտ է նաև Ղարաբաղի և Ադրբեջանի դեպքում, ինչպես և՝ Սիրիայի ու Թունիսի: Չի կարելի քննադատել Բեն Ալիին և սատարել Բեն Ալիևին»: Գևորգյանը գնահատականով Ղարաբաղը չի կարող այս արժեքներն ակնկալել Ադրբեջանից, որը ոչ միայն ժողովրդավար չէ, այլև աչքի է ընկնում էթնիկ խտրականության քաղաքականությամբ: Գևորգյանը պատահական չի համարում, որ Ադրբեջանում արգելվել է անգամ Սաշա Բարոն Քոենի «Բռնապետը» ֆիլմը:
Պաշտոնյան լավատեսորեն է տրամադրված խնդրի կարգավորման ապագայի հանդեպ: Ըստ Գևորգյանի՝ «իրենց երկրում»՝ Արցախում, կա երիտասարդների մի ամբողջ սերունդ, որը մեծացել է պետությունում, որտեղ իրենք լիիրավ քաղաքացիներ են: Ադրբեջանում էլ երիտասարդներին չի հետաքրքրում հեռավոր Ղարաբաղի համար մեռնելու հեռանկարը:
Գևորգյանը վստահություն է հայտնել, որ Ալիևեների համակարգի մերկացումից հետո երկխոսության և հաշտության ուղիներ կգտնվեն:
Գևորգյանի հարցազրույցը արժեքավոր է նաև այն առումով, որ դիվանագետը մանրամասն ներկայացնում է հակամարտությունը՝ պատմական զարգացումների բերումով:









